«Ստացվում է՝ տուգանք վճարածները պատժված են». ԱԺ-ում քննարկվում է ճանապարհային երթևեկության իրավախախտումների համաներման հարցը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությունը բերել է օրինագիծ, որով առաջարկում են իրականացնել համաներում ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Նախագծով վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 անձ։
Պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նկատեց, որ կա քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունքը, և կան արդարության մասին պատակերացումները. «Ինչքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, մյուս մասը չի վճարել, ու ստացվում է՝ վճարածները պատժված են, որովհետև նրանք օրինապաշտ էին, վճարել են տուգանքները։ Այն մարդկանց, ովքեր վճարել են, ի՞նչ կարող եք առաջարկել, ինչպե՞ս կլինի արդարությունն այդ մարդկանց դեպքում»։
Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա հավերժ հարցը. «Դա քննարկման առարկա պետք է դառնար, ու պատասխան տրվեր, երբ ԱԺ-ն ընդունում էր Սահմանադրության նախագիծը։ Այնտեղ գրված է, որ կառավարության նախաձեռնությամբ կարող է տրվել համաներում։ Սա իրավական հին վեճ է, արդյո՞ք համաներում կիրառելով՝ չի խախտվում հավասարության սկզբունքը։ Եվրոպայի խորհուրդն ունի բանաձև, որով նախատեսվում է, որ այդ համաներումը ունի չափանիշներ, որով չի խախատվում այդ սկզբունքը։
Տվյալ դեպքում այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, համապատասխանում է համաներման ներկայացվող չափանիշներին։ Կարող է նման խնդիր առաջանալ, սա փիլիսոփայական հարց է, և դրա պատասխանը եթե փորձեմ ինքս տալ, անպայման հակասությունների մեջ կմտնեմ այլ տեսությունների հետ»։