«Ձեր առաջարկը հակասահմանադրական է, ոտնահարում է մեր իրավունքները». Քննարկվում է ԸՕ-ում ազգային փոքրամասնությունների հարցը

Այսօր ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում՝ քննարկելու ազգային փոքրամասնությունների հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումները: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ազգային փոքրամասնությունների հետ կապված լուծման 2 տարբերակ կա: Առաջինը` Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ ազգային փոքրամասնությունների համար պետք է քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների ցուցակներով, երկրորդ` կուսակցությունները պետք է ունենան 2-րդ` ազգային փոքրամասնությունների ցուցակ` եզդիների, քրդերի, ասորիների, հույների համար, և բաշխումը պետք է տեղի ունենա այնպես, որ եզդիական տեղի համար անցնի առավելապես եզդիներով բնակեցված համայնքում հաղթողը, ասորականը` առավելապես ասորիներով բնակեցված համայնքում հաղթողը, և այլն:

«Համամասնական ընտրակարգի անցումը, հուսով եմ, կլուծի ձեզ ամենաշատը հուզող հարցը` լեզվի հարցը, որ չէին կարողանում քվեարկել, քանի որ հայերենին չէին տիրապետում, իսկ միայն համամասնականի դեպքում կարող է հիշել միայն իրեն հետաքրքրող կուսակցության համարը և քվեարկել: Նաև կարելի է ԿԸՀ-ի հետ քննարկել, որ ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում լինեն տվյալ լեզվով հայտարարություններ»,- ասաց Դ.Իոաննիսյանը:

ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովի խոսքով` իր ազգի ներկայացուցիչներն ապրում են տարբեր համայնքներում քիչ քանակությամբ, և հնարավոր չէ երկրորդ ձևով. «Ազգային փոքրամասնություններն իրենց միշտ լավ են զգացել Հայաստանում, խտրականություն չկա»:

Հասանովի կարծիքով` պետք է ամրագրվի, որ ազգային փոքրամասնության թեկնածուն պետք է լինի իշխանության մեջ, քանի որ իշխանության առջև է բարձրացնում հարցերը:

Դ.Իոաննիսյանը նշեց, որ փաստացի նրանք տեղ են ստանում իշխանության ցուցակով, բայց Սահմանադրության հետ մի քիչ «չի բռնի», որ ամրագրվի, որ իշխանության ցուցակում տեղ ունենան, որովհետև գուցե տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի ցանկանում լինել ընդդիմությունում:

«Հուսով եմ, որ կունենանք իշխանություն, որի գործադիր մարմնի համար նշանակություն չի ունենա` իշխանությո՞ւնն է հարց բարձրացնողը, թե՞ ընդդիմությունը»,- հավելեց նա:

Հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի կարծիքով` քաղաքական իրավունքի ոտնահարում կլինի, եթե ամրագրվի, որ միայն իշխանական կուսակցության տեղերով կարող է անցնել: Ըստ նրա` Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ պետք չէ կուսակցությանն առավելություն տալ` ազգային փոքրամասնություն ընդգրկելով:

Ասորական ֆեդերացիայի նախագահ Էլինա Գասպարյանը հայտարարեց, որ Իոաննիսյանի առաջարկը հակասահմանադրական է, ոտնահարում է իրենց իրավունքները, և ազգային փոքրամասնության ներկայացուցիչը պետք է ընտրված լինի. «Ազգային փոքրամասնության համար պետք է լինի բաց ցուցակ, որ ժողովուրդն ինքը որոշի` ով է իր թեկնածուն»:

Դ.Իոաննիսյանը նշեց, որ կուսակցությունները պետք է ընտրեն նրանց, որոնք առավել ճանաչված են, որպեսզի համայնքի ներկայացուցիչները ձայն տան նրան. «Ո՞րն է կուսակցության մոտիվացիան, որ իր ցուցակում ընդգրկի առավել քիչ հեղինակություն ունեցող թեկնածուին: Տրամաբանություն չկա»:

Է.Գասպարյանը շեշտեց, որ իրենք ինտեգրված են հասարակության մեջ և առաջարկում են` ՀՀ քաղաքացին իրավունք ունենա ընտրել կուսակցությունը և առանձին ցուցակից ազգային փոքրամասնության թեկնածուին:

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը հայտարարեց, որ իրենք 35-40 հազարանոց համայնք են, և ԱԺ-ում 1 քվոտան քիչ է: Ըստ նրա` համամասնական ընտրակարգի դեպքում եզդիները պետք է ստանան թեկնածուների ցուցակ և ընտրեն իրենց թեկնածուներին:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի կարծիքով` պետք է ապավինել ընդհանուր ժողովրդավարության տրամաբանությանը, ստեղծել պայմաններ և խթանել կուսակցություններին, որ նրանք առավելագույնս պատասխանատու վերաբերվեն իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ընդգրկելու և մանդատները բաշխելու հարցերին, կուսակցությունները շահագրգռված լինեն և մրցակցության մեջ մտնեն՝ ստանալու ազգային այս կամ այն փոքրամասնության ձայները. «Ես համոզված եմ` որևէ համայնքում կուռ միասնական մեկ կարծիք ի սկզբանե չի կարող լինել»:

Տեսանյութեր

Լրահոս