Բաժիններ՝

ԱՄՆ-ն արհեստական ինտելեկտին հանձնարարելու է հսկել ռազմական տեխնիկայի սարքինությունը

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը ցանկանում է արհեստական ինտելեկտն օգտագործել ռազմական տեխնիկայի աշխատանքը հսկելու համար, որպեսզի ժամանակին կանխի անսարքությունները: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակը:

Չիկագոյում հաստատված հրատարակության տվյալներով՝ արհեստական ինտելեկտի ստեղծման Uptake ընկերությունը վերջերս բանակից միլիոնանոց պարտավորագիր է ստացել Bradley M2A3 հետեւակի մարտական մի քանի մեքենաների վրա այն տեխնոլոգիայի փորձարկման համար, որը թույլ է տալիս «կանխատեսել» ապագա անսարքությունները եւ վաղօրոք իրազեկել այդ մասին: Փորձարկումների հաջող ավարտման դեպքում այդ տեխնոլոգիան կիրառում կգտնի ցամաքային զորքերում, նշել է թերթը:

«Մենք ցանկանում ենք ստուգել՝ կկարողանանք արդյոք Uptake-ի մշակումներից մի քանիսը օգտագործել տեխնիկայի աշխատանքում խափանումներն ի հայտ բերելու համար, նախքան դրանք տեղի կունենան,-հրատարակությանը պատմել է Bradley-ի սպասարկման ծրագրի ղեկավար բանակային գնդապետ Քրիս Քոնլին:-Եթե դա ստացվի եւ նման հնարավորություններ ընձեռվեն, բանակը կկարողանա դա տարածել Bradley-ի ամբողջ հավաքակազմի, ինչպես եւ այլ զրահատեխնիկայի վրա»:

Uptake-ի մշակած տեխնոլոգիան, ինչպես սպասվում է, թույլ կտա վերլուծել սարքերի աշխատանքը հսկող տվիչներից ստացվող ազդանշանները եւ տեղեկատվություն տրամադրել դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրում է թերթը: Եթե բլոկներից որեւէ մեկը տագնապալի ազդանշաններ ուղարկի, համակարգը դա կգրանցի եւ օպերատորին կիրազեկի «իր վերջին ժամերն ապրող մեխանիզմի» փոխարինման անհրաժեշտության մասին: «Մենք միայն վերջերս ենք ավարտել այդ տեխնոլոգիայի ստեղծման աշխատանքը,-թերթին հայտնել է Uptake-ի նախագահ Գանիշ Բելլը:-Ռազմական տեխնիկայի վրա այն փորձարկվելու է առաջին անգամ»:

Գնդապետ Քոնլին, ինչպես ինքն է խոստովանել, վստահություն չունի, որ ամեն ինչ հաջող կավարտվի, բայց նման տեխնոլոգիայի կիրառման բուն հեռանկարը «շատ հուսադրող է»,-ասել է նա: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Մայքլ Մյուլլերը նշել է, որ խոսքը վերաբերում է մի տեխնոլոգիայի, որը բանակում ներդրվելու դեպքում էականորեն կբարձրացնի երկրի զինված ուժերի մարտունակությունն ու արդյունավետությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս