ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի կողմնակից է
Հայ հեղափոխական դաշնակությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակներում մի շարք առաջարկներ է մշակել, որոնք խնդիրների լայն շրջանակ են ընդգրկում և վեր են հանվել դեռևս նախորդ ընտրություններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Լուսինե Հովհաննիսյանը։
«Առանցքային խնդիրը ռեյտինգային ընտրակարգից հրաժարումն է, պետք է լինի համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով։ Սա նշանակում է՝ ամբողջ հանրապետությունը դիտարկել մեկ ընտրատարածք, և ոչ թե՝ տվյալ կուսակցությունն է ընտրում մանդատների բաշխման հերթականությունը, այլ տվյալ ընտրողը։ Սա ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ կարելի է դիտարկել»,- ասաց Լ.Հովհաննիսյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեակավար, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ինքը փակ համամասնական ցուցակի կողմնակից է, և որևէ ռեյտինգային ընտրակարգ չպետք է լինի։
Նա շեշտեց, որ սա իր անձնական տեսակետն է, հանձնաժողովը դեռ դրա քննարկմանը չի հասել.
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ միայն փակ ցուցակով համամասնական ընտրակարգ պետք է լինի։ Գուցե հանձնաժողովը քննարկում է և այլ տարբերակի է հանգում»։
Նա նշեց, որ ընտրական ցուցակները պետք է մաքրվեն, և մոտ 2000 հոգի, որ չեն մասնակցել ընտրություններին, դուրս կգան ընտրացուցակներից։
Հաջորդ խոշոր փունջը, որ պետք է քննարկվի, ըստ Դ.Իոաննիսյանի, ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմներն են։