«Այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը». բրիտանացի վերլուծաբան

«Հակամարտության գոտում կա իրավիճակի փոփոխություն, որը համապատասխան աշխատանք և պատրաստվածություն է պահանջում հայկական կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի կովկասագետ Նեյլ Մքֆարլեյնը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք «ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի տարածքի խորքում գտնվող օդային և ցամաքային թիրախները»:
Հասանովը նշել է, որ հունիսի 26-ին նախատեսված զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հայտարարել է, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունն իրական ռազմական գործողություններին:

«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը՝ թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեռքբերումները»:

Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք», որն արդեն իսկ հերքվել է ՀՀ պատկան մարմինների կողմից: Միաժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է ծրագիր՝ «Մեծ վերադարձ» անվանումով, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է, Գաջիևի խոսքերով՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»:

Տեղեկացնենք նաև, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Պաշտոնական Բաքուն վերջին օրերին հայտարարել էր Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև ասել է, թե բացի Նախիջևանի սահմանին հողատարածք «ազատագրելուց», ադրբեջանական զինված ուժերն այժմ «կարողանում են վերահսկել նաև Լաչին տանող ճանապարհը»: «Դա տակտիկապես կարևոր գործողություն էր, որն իրականացվել է մեր բանակի կողմից, և ես գոհ եմ արդյունքներից: Մենք վերահսկողության տակ վերցրինք Լաչին տանող ճանապարհը»,- ասել է Հասանովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններին, շնորհավորել է վերջինիս՝ «սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ»:

Նեյլ Մքֆարլեյնն անդրադառնալով տվյալ հռետորաբանությանը՝ ասաց, որ սա այն դեպքն է, երբ տարածաշրջանի ռազմականացվածությունը ևս իր գործն անում է և զենք տիրապետողին վստահություն տալիս, որ զենքով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները:

Նրա դիտարկումների համաձայն, իսկապես և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ միայն ինքնապաշտպանվելու, այլև միմյանցից ետ չմնալու նպատակով անընդհատ կերպով նոր սպառազինություններ են ձեռք բերում, զենքի նոր մատակարարներ փնտրում, բանակցություններ վարում այս հարցով, գործընկերներ կորցնում:

Սա, նրա գնահատմամբ, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա հակամարտությունը, և նույնիսկ քանի դեռ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը կարգավորում է այս բանակցությունները:

«Տարածաշրջանը լցված է սպառազինությամբ, սա թույլ է տալիս կողմերին բանակցությունների բացակայության պայմաններում սեփական օրակարգի թելադրմամբ հասնել կարգավորման նաև գործողությունների գնով: Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել իր ցանկությունները, այսօր ևս շատ ավելի վստահ է խոսում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման մասին, քանի որ սպառազինությունից Ադրբեջանը «չի նեղվում», ունի համապատասխան միջոցներ, ուժեր: Հայաստանում կա ժամանակավոր կառավարություն, որը զբաղված է ներքին խնդիրներով, որի հետ բանակցություններ դեռ տեղի չեն ունեցել, արտաքին դերակատարները դեռ ուսումնասիրում են իրավիճակը, միջնորդներն առավելապես ակտիվ չեն, ու սա տեսականորեն հարմար պահ կարող է լինել ռազմական գործողությունների համար: Բայց նման դեպքերում հակառակորդը, եթե ցանկանում է սկսել նման գործողություններ, նախապես երկար ժամանակ չի հայտարարում այդ մասին, հրապարակայնորեն չի հորդորում հակառակորդին պատրաստվել պատերազմի, այլ հանկարծակի հարված է հասցնում:

Բնականաբար, այլ սցենարներ ևս կարող են լինել, ամեն բան հնարավոր է: Սակայն այս սպառնալիքները փոքր-ինչ արհեստական են թվում»,- ասաց վերլուծաբանը:

Մքֆարլեյնն ասաց, որ իր այս պնդման վառ ապացույցն է նաև ապրիլյան պատերազմը: «Երբ գործողությունները սկսվեցին, ոչ ոք չէր կարող կանխատեսել, քանի որ մինչ դա չկային միայն բանակցություններ, բայց չկային էական կուտակումներ, առանձնակի լարված մթնոլորտ: Ավելին՝ հակամարտող երկրների ղեկավարներն ԱՄՆ-ում էին, որտեղ կար հավանականություն, որ կհանդիպեին, սակայն վերադարձան տարածաշրջան, քանի որ նման գործողություններ էին սկսվել: Այսինքն` սա անկանխատեսելի գործընթաց է: Կանխատեսելիությունը նվազեցնում է վտանգի մասշտաբները: Առավել ևս՝ զորավարժություններից առաջ կամ անմիջապես հետո նման գործողություններ չեն սկսվի»,- նկատեց Մքֆարլեյնը:

Բրիտանացի քաղաքագետի կարծիքով, այնուամենայնիվ, չլուծված տարածքային հակամարտության դեպքում կողմերից պահանջվում է զգոնություն: «Ավելի մեծ զգոնություն է պահանջվում ՀՀ իշխանություններից, որոնք կառավարման փորձ չունեն, չեն ճանաչում իրենց հակառակորդին, չեն բանակցել, բայց այսօր բազում խնդիրներ են պատրաստվում լուծել Հայաստանի ներսում, իսկ մինչ այդ սահմանին կուտակումներ կան: Այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը, քանի որ մենք տեսականորեն վերլուծում ենք, բայց հակամարտության գոտում կա իրավիճակի փոփոխություն, որը համապատասխան աշխատանք և պատրաստվածություն է պահանջում հայկական կողմից»,- ասաց Մքֆարլեյնը:

Տեսանյութեր

Լրահոս