ՀՀ պաշտպանության նախարարը մշակել է օրինագիծ, ըստ որի եթե պետությունը պայմանագրային զինծառայողին ծառայության վայրին մոտ բնակարանով չի ապահովում, ապա պարտավորվում է տալ վարձակալման վճարը:
Դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝
- Երևանում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 45 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 67 հազար 500 դրամ.
- այլ քաղաքներում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 24 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 36 հազար դրամ.
- այլ բնակավայրերում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 15 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 22 հազար 500 դրամ:
Գումարը պետությունը վճարելու է
- ՀՀ ՊՆ-ում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինծառայության մեջ գտնվող մարդկանց,
- ՀՀ ՊՆ-ում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված մարդկանց:
Զինծառայողի ընտանիքի անդամ համարվում են ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները, համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:
Բնակարանի համար վարձավճար չի կարող ստանալ նա,
- ով ծառայության անցկացման վայրի համայնքից/բնակարանից մինչև 30 կմ-ի վրա ունի մշտական հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն,
- ով տվյալ վայրում ծառայության ընթացքում փոխել է մշտական հաշվառման վայրը կամ օտարել է բնակելի տարածության սեփականության իրավունքը,
- ում ընտանիքի անդամը ծառայության անցկացման վայրի համայնքից/բնակավայրից մինչև 30 կմ-ի վրա միանձնյա սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն,
- ով բնակարանը վարձել է իր ամուսնուց կամ իր կամ ամուսնու ծնողից, զավակից, քրոջից կամ եղբորից:
Զինծառայողին տան համար վարձավճար տալու որոշումը կայացնելու է նոր ստեղծվող բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ: Եզրակացություններն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Օրինագիծը հրապարակվել է հանրային քննարկումների համար նախատեսված e-draft.am կայքում: