Փարիզը կոչ է արել «ստուգել» միջուկային զենքը ոչնչացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունը
Կորեական թերակղզու միջուկազերծման ճանապարհով ընթանալու ԿԺԴՀ-ի մտադրությունը լավ նորություն է, բայց այժմ հարկավոր է դա ստուգել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
Նրա կարծիքով՝ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը անվիճելի առաջընթաց է: «Դա լավ նորություն է: Բայց հարկավոր է ստուգել, որ միջուկազերծման այդ սկզբունքը, որը հայտարարվել է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի արդյունքում, իրապես կլինի անշրջելի եւ այն հնարավոր կլինի ստուգել»,-ասել է լը Դրիանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ն նույնպես հայտարարել է միջուկազերծմանն ուղղված գործողությունների մասին, բայց դա ոչ մի արդյունք չի տվել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել է Սինգապուրի Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: