«Առաջիկա ծրագրերի ճակատագրի հետ կապված նախարարությունում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրի»
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «18-րդ օրվա ամփոփումը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում մասնակցեցի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը:
Հանդիպեցինք վիրահայ գործարարների հետ:
Մեկնեցինք Ջավախք: Հանդիպեցինք Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերի, ինչպես նաև Ծալկա շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այնուհետև մեկնեցինք Ախալքալաք. այս քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցինք նաև մենք:
Շնորհակալություն ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին, Վիրահայոց թեմին, Ջավախքի մի շարք հասարակական և պետական կառույցներին, վիրահայ գործարարներին, Aliq Media և Jnews լրատվականներին երկօրյա մեր ընթացքին ցուցաբերած ողջ աջակցության համար:
19-րդ օրվա ամփոփումը.
Մասնակցեցի Կառավարության նիստին:
Առաջիկա ծրագրերի ճակատագրի հետ կապված նախարարությունում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրի:
Ազգային ժողովում ներկայացրի «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության Սփյուռքի նախարարության մասը:
Հանդիպեցի Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի հետ: Քննարկեցինք Իրաքի հայ համայնքին հուզող խնդիրները:
Այնուհետև ընդունեցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և ամերիկահայ գործարար Վահան Թանալին»: