Գարո Փայլանը Մարսելում հանդիպել է քրդական համայնքի ներկայացուցիչներին
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie պարբերականը:
Թուրքիայի առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քրդական համայնքի հետ հանդիպման ժամանակ Փայլանը նկատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար նպատակադրվել է անել ամեն բան, որպեսզի քրդամետ կուսակցությունը չհաղթահարի նախընտրական 10 տոկոսանոց շեմն ու չանցնի մեջլիս:
Հայազգի պատգամավորը նկատել է, որ իրենց պոտենցիալ ընտրազանգվածի վրա մեծ ճնշում է գործադրվում: «Չնայած բոլոր այդ ճնշումներին, մենք վստահ ենք, որ քվեարկության արդյունքում հաղթահարելու ենք 10 տոկոսանոց շեմը»,- ասել է նա: