«Կրկնակի վիրավորական մոտեցում է, երբ փորձ է արվում մի ժողովրդի ողբերգությունը որպես մանրադրամ օգտագործել սեփական պետության շահերը սպասարկելիս». Հայտարարություն
Իսրայելա-թուրքական հարաբերությունների հերթական սրմանը զուգահեռ հաճախադեպ են դարձել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին արտահոսքերը:
Դա ոչ միայն չի բխում բացահայտ ճշմարտությունը վերջապես ճանաչելու ազնիվ մղումից, այլև կրկնակի վիրավորական մոտեցում է, երբ փորձ է արվում մի ժողովրդի ողբերգությունը որպես մանրադրամ օգտագործել սեփական պետության շահերը սպասարկելիս:
Դա հատկապես անհարիր է 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը ճաշակած ժողովրդի պետությանը:
Հայ պահպանողականներս վճռականորեն դատապարտում ենք այդ վարքագիծը՝ դրա փոխարեն պահանջելով դադարեցնել Հայաստանի դեմ օգտագործվող իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին, այսինքն՝ դադարեցնել հայկական նոր ցեղասպանությանը նպաստելը: Պահանջում ենք մեր ազգային ցավը առևտրի առարկա դարձնելու փորձի փոխարեն՝ Երուսաղեմի հայկական վանական հիմնարկների վրա հարկային բեռ բարձելուց հրաժարվել. մի բան, որ թույլ չեն տվել իրենց Երուսաղեմի երբեմնի ո՛չ արաբական, ո՛չ օսմանյան ավելի քան հազարամյա տիրապետողները:
Ներկա պահին Հայոց ցեղասպանությունը պետականորեն շահարկելը մենք կհամարենք թշնամական գործունեություն հայկական շահերի դեմ և հայ-թուրքական աղետալի ընդհարում հրահրելու քաղաքականություն:
Մենք Իսրայել պետությունից ակնկալում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում որպես քաղաքակրթական ընտրության արտահայտություն և միայն իսրայելա-թուրքական հարաբերությունների ջերմացման շրջանում՝ ոչ երբեք քաղաքական իրավիճակով պայմանավորված քայլ:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ռուս-թուրքական՝ Մոսկվայի և Կարսի ապօրինի և ժամկետանց պայմանագրերի երկարացմանը նպաստելու և հայ ժողովրդի համար նոր արհավիրք հասունացնելու վարքագիծը: Ժամանակն է, որ հրեա և հայ ժողովուրդները միասնաբար հակադարձեն մարդու և ժողովուրդների ազատության դեմ ոտնձգություն կատարողներին:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ