Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը կհետաձգվի մինչև մյուս տարվա մայիսի մեկը, սակայն հետաձգման որոշումը չի տարածվելու անտիբիոտիկների վրա: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է.
«Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք և դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ կառավարության թերի գործող նախագծով։ Հուսով ենք՝ բժշկական անձնակազմը և քաղաքացիները ըմբռնմամբ կմոտենան: Իսկ մյուս դեղերի մասով քննարկումներ կանցկացվեն, որոնք կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի համար քիչ թե շատ ընդունելի կլինի»:
Արսեն Թորոսյանը նշել է, որ դեղերի մասով այլ քննարկումներ ևս ընթանում են՝ սկսած զուգահեռ ներկրումներից, ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունից։
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը բուռն քննարկումների առարկա էր դարձել ոչ միայն մասնագետների, այլև քաղաքացիների շրջանում: Առողջապահության ոլորտի մասնագետները որոշումը հապճեպ էին համարում՝ նշելով, որ համակարգի բոլոր նրբությունները հասու չէին հասարակ քաղաքացուն ու անգամ բժշկին: Քաղաքացիներն էլ բողոքում էին որոշման արդյունքում առաջացած քաշքշուկներից:
Կառավարության մարտի 6-ի նիստում որոշում կայացվեց մասնակի հետաձգել դեղերի դեղատոմսով դուրս գրման որոշումը: Որոշվել էր հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը դեղատոմսով բաց թողնել 2018 թվականի մարտի 1-ից, ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից, իսկ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց թողնել 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: