«Այն, ինչ հիմա անում է ՀՀ դատական համակարգը, այլ բան չէ, քան սաբոտաժ կամ հակահեղափոխություն». Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ քաղբանտարկյալների թեմային:

Ովքե՞ր են նրանք, և ինչպե՞ս կլուծվի քաղբանտարկյալների ճակատագիրը, այս  հարցերի առնչությամբ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց. ««Կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կամ քաղաքական հալածյալներ» հարցին ի պատասխան, ես՝ որպես ուղղորդում, վերցնում եմ միջազգային դիտորդների և կազմակերպությունների կողմից արված համապատասխան հայտարարությունները, ըստ որի՝ մեր երկրում անկասկած կան քաղաքական հալածյալներ և կալանավորներ ճանաչված ՀՀ քաղաքացիներ:

Նշեմ նաև, որ իրեն ժողովրդավարական երկիր հռչակած պետության մեջ, մեղմ ասած, անհեթեթ է նման կատեգորիայի քաղաքացիներ ունենալը: Ուրեմն, որևէ կամային հրամանով և ստորագրությամբ այդպիսի քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Իսկ նրանք, ովքեր քաղաքական բանտարկյալներ չեն, բայց նրանց գործերում կան քաղաքական երանգներ, ինչպիսին, օրինակ՝ «Սասնա ծռերի» գործն է, ապա հարկավոր է նրանց նկատմամբ ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք և գործարկել իրավական ինստիտուտների հնարավորությունները, որոնք մեղմացնում, համաներմամբ կամ ներմամբ ազատում կամ պատժի մեղմացում են սահմանում նրանց վրա, բայց միայն դատավճիռն ունենալուց հետո: Նրանք, ում գործերում քաղաքական երանգը երկիմաստ կամ վիճելի է՝ նրանց վերաբերյալ իրավական լուծում պետք է լինի, որից հետո միայն նրանք կարող են որոշակի կարգավիճակ ստանալ՝ ազատվե՞ն, ներվե՞ն, թե՞ համաներվեն:

Կարդացեք նաև

Այն ինստիտուտները, որոնք կոչված են այս խնդիրներին լուծում տալու, չասենք՝ սաբոտաժ, բայց գործադուլ են անում: Ակնհայտ է, որ նրանք չեն աշխատում այդ ուղղությամբ, որովհետև եթե աշխատեին՝ քննարկման առարկա չէր լինի, այլ կքննարկվեր նրանց աշխատանքի որակը»:

Ազատ Արշակյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունում շատ հեշտությամբ և ինստիտուցիոնալ ճանապարհով կարելի է լուծել քաղաքական կալանավորների հարցը՝ օրինակ վերցնելով նախկինում եղած նախադեպերը, իսկ այդպիսիք, ըստ բանախոսի՝ ոչ միայն եղել են, այլև դրանցից մեկը պատահել է հենց իր հետ՝ դեռևս 90-ական թվականներին.

«Դեռևս Ստալինի կողմից ընդունված օրենքի համաձայն, ժամանակին ես արդարացվել, ռեաբիլիտացվել եմ ՀՀ դատախազի նախաձեռնությամբ, ով տարբեր տարիներին բողոքարկել է Գերագույն դատարանի կողմից ընդունված երեք դատավճիռները և հասել նրան, որ Գերագույն դատարանը՝ դատախազի տեղակալի ներկայությամբ, վճռում են, որ հանցակազմի բացակայության պատճառով գործը դադարեցվում է:

Մեր ժամանակներին շատ ավելի մոտ և այսօր գործող կարևոր պաշտոնյայի՝ Աղվան Հովսեփյանի որոշմամբ և ստորագրությամբ բեկանվել է արդեն կայացած դատավճիռը, և ես արդարացվել եմ:

Հետևաբար՝ եթե ՀՀ իրավապահ մարմինները՝ Դատախազությունը, դատարաններն ու քննչական մարմինները, ցանկություն ունենան լուծել քաղբանտարկյալների հարցը, ապա նրանք դա կարող են անել հաշված օրերի ընթացքում, հետևաբար, այն, ինչ նրանք հիմա են անում, այլ բան չէ, քան սաբոտաժ կամ, ժամանակակից տերմինոլոգիայով ասած՝ հակահեղափոխություն և հրահրում»:

«Ինչո՞ւ է հապաղում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լուծելու Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրը» հարցին Ազատ Արշակյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանն արել է առաջին լուրջ քայլը, նա հրահանգել է, որ երկրում կան քաղաքական բանտարկյալներ: Այսպիսով, նա հանձնարարել է ձեռնմուխ լինել Հայաստանի Հանրապետությունն ազատել քաղաքական բանտարկյալներից: Փաստորեն, հին իշխանության թիմակիցները՝ ՀՀԿ-ի կադրերը, հավատարիմ են մնում հին ռեժիմին և հույս ունեն, որ վաղ թե ուշ նոր շարժումը կձախողվի, և իրենք իրենց քրեա-բլատնոյ սկզբունքներով կվերադառնան իրենց նախկին գործելաոճին՝ Հայաստանի վրա թողնելով քաղբանտարկյալների բիծը: Ինձ շատ դուր եկավ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դատախազ չէ:

Իսկ թե ինչո՞ւ է նա հապաղում քաղբանտարկյալների հարցի շուտափույթ լուծման և ներում շնորհելու վերաբերյալ, ապա սրա համար կա օրենքով նախատեսված պրոցեդուրա, որը ժամանակ է պահանջում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետևում է այդ պրոցեդուրայի բնականոն ընթացքին»:

Տեսանյութեր

Լրահոս