Բաժիններ՝

«Հայկական Շվեյցարիայից» մինչև Արցախ. համացանցում են CNN-ի ռեպորտաժի մասին պատմող տեսանյութերը

Արցախ այցելությունից մինչև Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելը, հայկական լավաշից մինչև ավանդական կերակրատեսակների պատրաստումը, «հայկական Շվեյցարիայում» լինելուց մինչև նորարարական կրթության հետ ծանոթությունը, և այդ ամենը հայտնի հայ երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ. CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմը խոստանում է բացահայտել Հայաստանի ու Արցախի ամենագողտրիկ անկյունները:

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման թրեյլերներն արդեն համացանցում են: Հայաստանի մասին պատմող էպիզոդն ամբողջությամբ կցուցադրվի մայիսի 20-ին:

«Ցեղասպանություն, պատերազմ, երկրաշարժ, Հայաստանը շատ բան է տեսել»,- նշել է հեղինակը: Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ դա ինչ-որ աշխարհաքաղաքական հակամարտություն չէ քարտեզի վրա, դրանից անմասն չի մնացել ոչ մի ընտանիք:

Եվ չնայած շատ հայեր թողնում են Հայաստանը՝ Բուրդենը համոզված է, որ սա մի վայր է, որը մեծ զգացմունքներ է առաջացնում միլիոնավոր սփյուռքահայերի շրջանում:

«Ես տարիներ շարունակ լսել եմ այս երկրի մասին: Ինձ ասում էին. «Ե՞րբ ես գնալու Հայաստան, ե՞րբ ես գնալու Հայաստան»: Վերջապես ես այստեղ եմ»,- նշել է Բուրդենը:

Բուրդենը պատմում է, որ Հայաստանը փոքր, քրիստոնյա երկիր է՝ շրջապատված գերազանցապես ոչ քրիստոնյա հարևաններով՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա: Հեղինակն անդրադառնում է Հայաստանի՝ Թուրքիայի հետ ունեցած բարդ հարաբերություններին, ընդգծելով, որ Հայաստանի՝ այդ երկրի հետ կապված սարսափելի պատմությունը հայ ժողովրդի ինքնությունը պայմանավորած կենտրոնական ու վերջանական կետերից է: Խոսելով 103 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության մասին՝ Բուրդենն ընդգծում է, որ Թուրքիան հերքում է դա՝ ասելով, որ կատարվածը պատերազմի հետևանք է:

Խոսելով Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին, որն ունի 1 մլն բնակչություն, նա շեշտում է, որ հեռվում մշտապես երևացող Արարատ սարը մշտական հիշեցումն է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրա հակառակ կողմում:

Հեղինակը նշում է, որ Հայաստան այցի շրջանակում հայտնի հայ երաժիշտ Սերժ Թանկյանն օգնել է իրեն ճանաչել երկիրը:

Մեկ այլ տեսանյութում ներկայացվում է Հայաստանի խոհանոցը: Էնթոնի Բուրդենը և Սերժ Թանկյանը փորձում են հայկական խոհանոցի տարբեր ուտեստներ:

«Ահա թե ինչպես են Հայաստանում ստեղծվում գինին և սպիրտային խմիչքները». հայ արտադրողները պատմում են ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, սեղանի շուրջ կենացներ ասելու ավանդույթների մասին:

Տեսանյութերից մեկում հեղինակն անդրադառնում է Արցախ այցելության հետ կապված պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված մեծ աղմուկին: «Այս տարածաշրջան այցելությունը շարունակում է շատ զգայուն հարց լինել, մասնավորապես ադրբեջանցիների համար: Միայն այստեղ այցելելով ես, ինչպես ավելի ուշ կարդացի թերթերում, պաշտոնապես դարձա «ոչ ցանկալի անձ» Ադրբեջանում»,- նշում է Բուրդենը: Նա պատմում է, որ Արցախի ավանդական ուտեստներից է համարվում ժենգյալով հացը:

«Հայաստան. երկիր, որն ունի ազգային հաց». այսպես Բուրդենը խոսում է հայկական լավաշի մասին՝ ընդգծելով, որ այն ցանկացած հայկական սեղանի անբաժան մասն է: Հեղինակը նշում է, որ լավաշը պատրաստվում է թոնրի մեջ, իսկ դրա ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ: Նա այցելում է նաև հայկական ավանդական շուկա, ապա ներկայացնում ղափամա պատրաստելու հմտությունները:

«Կրթությունը նոր Հայաստանում». հեղինակը պատմում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ Հայաստանի տարբեր շրջաններում գործող կենտրոններում ներգրավված է 14 հազար հայ երեխա, ընդ որում, այստեղ կրթությունն անվճար է:

Հեղինակը հաջորդ տեսանյութում պատմում է Սևանա լճի, ապա արդեն «հայկական Շվեյցարիայի»՝ Դիլիջանի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս