Գազայի հատվածում ընդհարումների զոհ է դարձել 31 պաղեստինցի, տուժել է ավելի քան հազար մարդ. Sky
Գազայի հատվածի սահմանին մայիսի 14-ին իսրայելացի զինծառայողների հետ բախումների զոհ են դարձել 30-ից ավելի պաղեստինցիներ, տուժել է ավելի քան հազար մարդ: Այս ճշտված տվյալները ներկայացրել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ստացվող տեղեկատվության համաձայն, տուժածներից մոտավորապես հարյուրը հրազենային վերքեր են ստացել: Սպանվածների թվում կան 12, 14 եւ 16 տարեկան դեռահասներ, ինչպես նաեւ 30-ամյա մի կին: Գազայում «Վերադարձի երթի» շրջանակներում զանգվածային ելույթները չեն դադարում մարտի վերջից, երբ պաղեստինցիները նշում էին Հողի օրը:
Բողոքի ակցիաները վերսկսվել են մայիսի 14-ի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ այսօր ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվելու է Երուսաղեմ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի որոշմանը համապատասխան: Մայիսի 14-ին սկսված անկարգություններն արդեն ամենակատաղին են դարձել մարտի վերջից ի վեր:
Ստացվող տեղեկատվության համաձայն, առանձին վայրերում միջատարածքի բնակիչները փորձել են քանդել սահմանային արգելափակոցը եւ ներխուժել հրեական պետության տարածք: Բողոքավորներն այրում են անվադողեր, քարկոծում զինվորներին եւ հրկիզիչ խառնուրդով նյութեր արձակում հրեական պետության տարածք՝ այնտեղ հրկիզումներ առաջացնելու նպատակով:
Զինծառայողներն ի պատասխան ցուցարարների դեմ կիրառում են արցունքաբեր գազ, ջրանետներ եւ կրակ բացում Իսրայել ներխուժելու փորձերի ժամանակ: Բացի այդ, պաղեստինյան ԶԼՄ-ների տվյալներով՝ զինվորներն օգտագործում են նաեւ անօդաչուներ, որոնցից նետում են գազի նռնակներ եւ հրկիզիչ ռումբեր: Նշվում է, որ նման անօդաչուներից մի քանիսը խփվել են ցուցարարների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: