«Հետ նայելու և ճիշտն ու սխալը տարբերակելու ժամանակ մենք չունենք». Գառնիկ Իսագուլյան

168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյան, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, այցելեց Արցախի Հանրապետություն: Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը:

– Անչափ դրական, և միաժամանակ՝ խորհրդանշական։ Հետայսու, կարծում եմ, պետք է ավանդույթ դարձնել մայիսի 8-ը և 9-ը Արցախում՝ որպես Եռամիասնության տոն, նշելու հանգամանքը, և ամեն ինչ անել, որ այդ օրը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության բոլոր նախկին ու գործող ղեկավարները, ինչպես նաև Սփյուռքի նշանավոր մեր հայրենակիցները միաբանվեն Արցախում, որի շարունակությունը, բնականաբար, կլինի մայիսի 28-ին Հայաստանում։

Սա կարևոր է այն իմաստով, որ, նախ՝ ցույց կտա մեր միասնականությունը և, որ ամենակարևորն է, առիթ կհանդիսանա շատ խնդիրների շուրջ քննարկումների ու դրանց լուծման ճանապարհների ընդհանրական որոշումների կայացման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկեցին մի շարք հարցեր: Վարչապետը նաև պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, որոնց մեծ մասը վերաբերում էին Արցախի հակամարտության կարգավորմանը: Ի՞նչ տպավորություններ ստացաք այդ ամենից:

– Չխորանալով հանդիպման մանրամասների մեջ՝ կարելի է արձանագրել հետևյալը․ անթաքույց է այն հանգամանքը, որ հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են ամենատարբեր բնույթի հարցեր, վստահ եմ՝ մեծապես Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ պրն Փաշինյանի հնչեցրած մտքերն ի ցույց են դնում այն նշաձողը, որով ՀՀ վարչապետը սկսելու է Արցախի վերաբերյալ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում։ Իմ անձնական տեսանկյունից դա բավականին բարձր նշաձող է, և հարկ է, որ այն որևէ պարագայում չիջնի, որը կբխի հայկական երկու պետությունների շահերից։

Նախկինում Դուք մտավախություն էիք հայտնել, որ Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելու պարագայում վտանգներ կարող են լինել՝ Արցախի հետ կապված: Ձեր մտավախությունները դեռևս մնո՞ւմ են և ինչո՞ւ:

– Ասել, որ դրանք ամբողջապես փարատված են, ժամանակավրեպ է, քանզի նոր են միայն սկսվելու տարբեր կարգի ճնշումները թե՛ դրսից, թե՛ ներսից, և հարկ է, որ պրն Փաշինյանն ունենա վստահության մեծ պաշար և ամուր թիկունք։ Ժամանակն է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և ամեն ինչ անել, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ շրջանում ավելորդ խնդիրներ չառաջացնենք հիմնական բանակցողի համար։

Հավատացեք, որ ես տեր եմ իմ նախորդ ասած բոլոր մտքերին ու մտավախություններին, բայց այժմ դրանք ամենևին էլ էական չեն։ Հետ նայելու և ճիշտն ու սխալը տարբերակելու ժամանակ մենք չունենք։ Մայիսի 14-ին լինելու է վարչապետի առաջին արտագնա հանդիպումը, և հարկ է, որ նա դրան մասնակցի վստահորեն։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելու ժամանակ ԱԺ-ում խոսեց նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրի մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք ակնկալել այդ առումով առաջիկայում:

– Ես կարծում եմ՝ լավագույնը կլինի՝ այդ հարցը թողնել իրավասու մարմիններին, որպեսզի նրանք դրա լուծումը տան՝ այն համոզմամբ, որ բացառվի քաղաքական ճնշումը կամ պատվերը։ Իհարկե,  նկատի պետք է ունենալ, որ իրավիճակ է փոխվել, ու իրավիճակի փոփոխությունն իր հետ անպայմանորեն բերում է նաև մոտեցումների փոփոխություն։

Նաև այս օրերին ակտիվ քննարկվում է առաջիկա կառավարության կազմը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ապագա կառավարությունը, տեսնո՞ւմ եք այն կադրերին, որոնք կարող են փոխարինել ներկայիս կառավարության անդամներին:

– Քավ լիցի, եկեք չփորձենք մեր ուսերին վերցնել այլոց խաչը։ Իհարկե, կադրերը շատ բան են որոշում, ու պետք է ազնվորեն խոստովանել, որ պրն Փաշինյանն այդ կադրային բազան չունի, և հարկ է, որ նրան օգնեն մյուս քաղաքական ուժերն ու կարող մարդիկ։

Բայց զուտ ընկերական, կուզեք՝ բարեկամական խորհուրդ․ ժամանակը սուղ է, այս առումով պետք է ծանրութեթև անել։ Թերևս, սկզբնական շրջանում ամեն ինչ չէ, որ շատ հարթ կստացվի։ Կլինեն նաև սխալներ։ Հընթացս հարկավոր կլինի ուղղել այդ սխալները։ Նախորդ օրինակները բոլորի համար պետք է դաս լինեն։ Ոչինչ առավել չէ, քան դառը ճշմարտությունը։

Տեսանյութեր

Լրահոս