Բաժիններ՝

«Բանանց»-ն առաջարկում է, այնուամենայնիվ, պատժել «Շիրակ»-ին

Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով պատժել «Շիրակ»-ին:

Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» – «Շիրակ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ:

«Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարությունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին:
Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները: Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը սպորտային արդյունքն է: Չնայած այդ խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:

Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս