««Բարսելոնայի» պահվածքը բացարձակ անարգանք է». «Ատլետիկոյի» նախագահ
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Բարտումեուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության մասին:
«Անցած տարի ես հանդիպել եմ նրան, երբ արձակուրդում էի: Բայց ես հանդիպել եմ նաև այլ ֆուտբոլիստների հետ, Գրիզմանի հետ ես չեմ ճաշել: Ես շփում ունեմ նրա ներկայացուցչի հետ, այնպես, ինչպես այլ ֆուտբոլիստների հետ: Անցած հոկտեմբերին մենք հանդիպել ենք: Բայց կարիք չկա այլ խոսակցություններ տարածել:
Մենք լավ հարաբերություններ ունենք մադրիդյան ակումբի հետ: Բայց մենք չենք կարող խոսել ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղում են այլ ակումբներում»,- RAC1-ի ռադիոեթերում նշել է Բարտումեուն:
«Մենք մինչև կոկորդներս կուշտ ենք «Բարսելոնայի» պահվածքից: Թիմի նախագահը, ֆուտբոլիստները և կազմի անդամները խոսում են մի ֆուտբոլիստի մասին, ով ունի գործող պայմանագիր և այն էլ՝ Եվրագավաթի եզրափակչի նախաշեմին: Սա բացարձակ անարգանք է մեր և մեր երկրպագուների նկատմամբ:
Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք երբեք բանակցություններ չենք վարել Գրիզմանի հարցով: Մի քանի ամիս առաջ ես անձամբ եմ հայտնել Բարտումեուին, որ Գրիզմանը չի վաճառվում: Բավականի է, հուսով եմ, որ այս հայտարարությունը կհանգստացնի ամեն ինչ, և մենք կարող ենք հանգիստ պատրաստվել եզրափակչին»,- նշել է Սերեսոն:
Ավելի վաղ Սերեսոն նշել է, որ տեղյակ չէ Գրիզմանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից: «Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ:
Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր: Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»:
Սիրարփի Աղաբաբյան