«Մենք նման ապստամբություններ էլի ենք ունեցել». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը թյուր է համարում այն կարծիքը, թե Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները աշխարհաքաղաքական կոնտեքստից դուրս են: Լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդյանն այդ մոտեցումը միամտություն համարեց: «Կա աշխարհաքաղաքական համատեքստ, դրսի ուժերի միջամտություն: Հնարավոր չէ, որ երկրում, որտեղ տեղի են ունենում բավականին մեծ հավակնություններ ունեցվող դեպքեր, չունենա աշխարհաքաղաքական համատեքստ»,-ասաց նա:

Անդրադառնալով «հեղափոխություն» եզրույթին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանը սահմանում է ապստամբություն տերմինը: «Ավելորդ եմ համարում եզրույթի շուրջ առաջացած վեճերը: Ես օգտագործում եմ այն եզրույթը, որը կա հռչակագրում»,-ասաց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը չի համարում, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունները անակնկալ էին:

«Մենք նման ապստամբություններ էլի ենք ունեցել: Չի եղել ժամանակահատված, որ հայ ժողովուրդը բողոքի միջոցով չցանկանա ինչ-որ բան փոխել: Նոր սերունդը սնվել է նախնիների գիտելիքներով, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, հենց հավաքած հմտությունների և քաղված դասերի արտահայտություն է»,-ընգծեց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանը երկկողմանի գրագետ անվանեց նաև այդ, այսպես կոչված, հեղափոխությունը տապալելու փորձերը: «Պետք չէ կրկնել այն սխալները, որ մարդիկ գործել են ղարաբաղյան շարժման, մարտի 1-ի ժամանակ»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս