«Այս հրապարակային Լինչի դատաստանը ստորացուցիչ է ոչ միայն տնօրենի, այլ նաև ձեզ համար, հարգելիներս»
Դիտում եմ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցողի ուղիղ եթերը: Տագնապած: 6-13 տարեկան երեխաները, կոկորդները պատռելով, տնօրենից պահանջում են հեռանալ:
Ամենևին չվիճարկելով նրանց պահանջի արդարացիությունը`ուզում եմ մի քանի դիտարկում անել`
1. Սխալ է երեխաներին ներգրավել նմանատիպ պրոցեսների մեջ:
Հարգելի ծնողներ, իրավապաշտպաններ, հեղափոխականներ և լրագրողներ, այս ալիքի դեմը չառնելու դեպքում վաղն այն ձեր դեմ է շուռ գալու ու այլևս անշրջելի է լինելու:
2. Տնօրենի կաբինետի դիմաց՝ «Ազիզյան, հեռացիր» վանկարկող աշակերտների մեջ ուսուցիչներ չկան: Վախենում են հավանաբար… Աշակերտներից: Ու տպավորությունն այնպիսին է, որ դա հավանաբար դուր է գալիս վերը թվարկված անձանցից շատերին:
3. Այս հրապարակային Լինչի դատաստանը ստորացուցիչ է ոչ միայն տնօրենի, այլ նաև ձեզ համար, հարգելիներս:
4. Ինչ գործ ունի տնօրենի կաբինետում այս պատեհապաշտ դերասանը:
5. Ազատությունը ակնհայտորեն անարխիայի հետ խառնելը ոչ մի լավ հանգրվանի չի հասցնելու:
Վաղը այսպիսի տեսարանների այլ դպրոցներում էլ ենք ականատես լինելու:
6. Տնօրենի կաբինետում գտնվող և ոչ մեկը տնօրենից լավը չէ:
7. Հարգելի ծնողներ, ձեր հեղափոխական, փողոցներ փակող, երթեր անող մինչև 13 տարեկան երեխաները վաղը, շատ հնարավոր է, դռներ փակեն, այդ թվում և՝ ձեր տանը:
8. Կցանկանայի իմանալ` գումար տվող այդ ծնողներից քանի՞սն են ժամանակին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, կամ արդյոք գիտակցո՞ւմ են, որ իրենք էլ են հանցակից:
9. Այս դպրոցում, ըստ էության, ուսուցիչ չկա էլ:
10. Միայն ի՞նձ է թվում, որ դպրոցներն ապաքաղաքականացնելու մասին կոչերը սոսկ կոչեր են: Տնօրենի կաբինետում կատարվածն ինձ ուղիղ հակառակում համոզեց:
11. Հանրապետական իշխանությունների համար ժամանակին այս տիկնոջ` Սերժ Սարգսյանի անվան շարունակ շահարկումն ահազանգ պիտի լիներ: Չի եղել:
12. Հարգելի իրավապաշտպան և լրագրող, ձեր պահվածքով դուք միայն շիկացնում եք իրավիճակը: Հասկանալի է, որ դուք էլ դրա համար եք աշխատավարձ ստանում, բայց դպրոցո՞ւմ, երեխաների հաշվի՞ն:
13. Ազիզյանը եթե մի քիչ արժանապատվություն ունենար, գործարար պատգամավորի անվամբ դասարան անվանակոչելուց հետո բարձրացված աղմուկից հետո հրաժարական կտար:
ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ.Գ. Հիշում եմ, որ մեծերը պատմում էին, որ այսպիսի հրապարակային դատեր եղել են նաև 1988թ. շարժումից հետո: