«Շարժմանը կա աջակցություն, որը տեսանելի չէ, բացահայտ չէ». Քաղտեխնոլոգ

168.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Դուք ավելի վաղ ձեր գնահատականներում նշում էիք, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հասարակությունը վերածվել է բնակչության, և նման երկրներում ընդդիմադիր ուժերը ոչ մի արդյունքի չեն հասնում, որովհետև նրանց գործունեության հաջողության համար պետք է հասարակության աջակցությունը: Վերջին իրադարձություններից հետո ձեր գնահատականները փոխվե՞լ են, թե՞ Հայաստանում է ինչ-որ բան փոխվել:

– Երբ մենք գնահատական էինք տալիս, որ հասարակությունը վերափոխվել է բնակչության, բնական է՝ դա համապատասխան վերլուծության է ենթարկվել և բնակչությունը նորից հասարակության վերածելու գործընթացի հիմքում է դրվել: Երբ սկսվեց այս շարժումը, բոլորս տեսանք, որ դա ոչ թե քաղաքական բովանդակության շարժում էր, այլ՝ կառավարելի քաոս ստեղծելու տեխնոլոգիաներ կիրառվեցին երիտասարդների նկատմամբ:

Բնականաբար, այդ կառավարելի քաոսը նորից բնակչությանը վերածեց հասարակության: Սկզբնական շրջանում շարժումը քաղաքական բովանդակություն չուներ՝ ավելի շատ քաղաքացիական գործունեություն էր, որը շատ արագ փոխվեց քաղաքականի:

Կարդացեք նաև

– Դուք նաև ասում էիք, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է ունենա աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից աջակցություն: Դուք այս պահին տեսնո՞ւմ եք նման աջակցություն, և ո՞ր կենտրոնից:

– Իշխանությունն աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն, կարծես թե, այլևս չունի, չնայած փորձեցին ռուսական խաղաքարտն օգտագործել, սակայն դա հաջողություն չունեցավ, իսկ այս ընդհանուր շարժումն ունի Արևմուտքի մեդիա աջակցությունը, որովհետև, երբ Արտգործնախարարությունն է նշում, որ 100-ից ավելի լրագրողներ լուսաբանում են քաղաքական գործընթացները, դա հենց այնպես չի լինում: Շատ դեպքերում կարող ենք ասել, որ արևմտյան մամուլը նույն ձևով կառավարվում է, ինչպես Ռուսաստանում է կառավարվում: Եթե նրանցից շատերը ՀՀ-ում օնլայն ռեժիմով լուսաբանում են այս գործընթացները, դա ինչ-որ եզրակացություն պետք է տա, սակայն մենք չենք կարող դա պնդել: Ըստ մեզ՝ կա աջակցություն, որը տեսանելի չէ, բացահայտ չէ:

– Բայց միայն արևմտյան լրատվամիջոցները չեն լուսաբանում այս գործընթացները: Երեկ ԱԺ-ում բազմաթիվ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ էլ կային, որոնք լուսաբանում էին վարչապետի ընտրությունը:

– Այո, վարչապետի ընտրության ժամանակ կային, բայց խոսքը վերաբերում է այս շարժումը սկսելուց մինչև հիմա: Սկզբնական շրջանում ռուսական լրատվամիջոցները չեզոքություն էին պահպանում, իսկ հետո զուտ իրենց աշխատանքային գործունեությունն են իրականացնում: Իսկ արևմտյան լրատվամիջոցները, կարելի է ասել, իրականացնում էին մեդիա ուղեկցում այս շարժմանը: Եթե նրանք չունենային նպատակ մեդիա ուղեկցում իրականացնելու, հավատացեք՝ չէին իրականացնի:

– Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից: Երեկ տապալվեց վարչապետի ընտրությունը, և մեկ շաբաթից նախատեսվում է երկրորդ ընտրությունը: Ի՞նչ եք կարծում՝ ի վերջո տեղի կունենա՞ այն, թե՞ դա էլ կտապալվի:

– Կախված է շարժման ակտիվությունից: Եթե այս մի քանի օրվա ընթացքում շարժումն է՛լ ավելի հզորանա, և շարժման ղեկավարներն արդեն իրականացնեն որոշակի գործողություններ բուն իշխանությունը վերցնելու գործընթացում, չի բացառվում, որ մեկ շաբաթ հետո՝ հաջորդ նիստին, ՀՀԿ-ից ոմանք կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև երեկ ՀՀԿ-ականներից մեկն արդեն քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին:

Դա կախված է շարժման հզորությունից: Հասկանալի է, որ այս շարժումն այլևս դու չես կարող ոչ մի ձևով հետ մղել: Այսօր պայքար է գնում փողոցի իշխանության և դե ֆակտո իշխանության միջև: Թե սա ի՞նչ զարգացում կունենա, դժվար է ասել: Զարգացումներից մեկն այն է, որ հաջորդ նիստում Նիկոլ Փաշինյանը կարող է որոշ ՀՀԿ-ականների ձայների աջակցությամբ ընտրվել վարչապետ: Հնարավոր է նաև՝ ԱԺ-ն լուծարվի, նշանակվեն նոր ընտրություններ; Ընտրությունները և՛ կարող են տեղի ունենալ, և՛ ակտիվ բոյկոտվել:

– Այդ պարագայում, երբ բոյկոտվեն ընտրությունները, ի՞նչ իրավիճակ կառաջանա, այդ իրավիճակից ելք կա՞:

– Սահմանադրության մասնագետներն ավելի լավ կպատասխանեն այդ հարցին, բայց ես այդ հարցի քաղաքական կողմին եմ ուզում անդրադառնալ: Դա կարող է հարցի լուծում չլինել, պատկերացրեք՝ եթե ընտրությունները բոյկոտվեցին, տապալվեցին, ԱԺ-ի հին կազմը դեռևս որոշ ժամանակ մնում է, սակայն նա չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, որոշ ժամանակ հետո  ստացվում է՝ ՀՀ-ում երկիշխանությունը շարունակվում է, որովհետև այսօր ՀՀ-ում փաստացի երկիշխանություն է՝ փողոցի և դե յուրե:

Եթե այս իրավիճակն այսպես շարունակվի, այս ընտրություններն էլ բոյկոտվեց, ուրեմն՝ այս իրավիճակը կարող է այսպես քաոսային երկար շարունակվել: Այս պահին ամեն ինչ խաղաղ է ընթանում, բայց ոչ ոք չի կարող հաստատ պնդել, որ չեն գտնվի ոչ ադեկվատ մարդիկ, որոնք արդեն կսկսեն ֆիզիկական ճնշումներ գործադրել պատգամավորների վրա: Հիմա քաղաքական և բարոյական ճնշում է գնում, սակայն ես չեմ կարող երաշխավորել, որ այս վիճակը շարունակվելու դեպքում կարող է ֆիզիկական ճնշում էլ գնալ պատգամավորների նկատմամբ: Սա բարդ իրավիճակ է, քաղաքական այդ քաոսը կարող է ձգվել, ու անորոշ է, թե ինչքան:

Տեսանյութեր

Լրահոս