«Առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու են, խորանալու են». Նիկոլ Փաշինյան
Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այսօր արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:
«Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում, և մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնում, այլև՝ առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու են, խորանալու են, ու ՀՀ պետական և ազգային շահերն այս համատեքստում միայն առավելություններ և օգուտներ են ստանալու»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք զարգացնելու են հարաբերությունները բոլոր ուղղություններով. «Նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի և Վրաստանի հետ: Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանի միջազգային հեղինակությունն ու կշիռը կրկնակապատկել եք, եռապատկել եք, քառապատկել եք»: