ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 21-ի գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 58 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ խոցվել է 46 ԱԹՍ, յոթ վայրում գրանցվել են հարվածներ։
Ռուսական ռումբի հարվածից Զապորոժիեում զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է վեց մարդ, հայտնել է մարզային դատախազությունը։
Օդեսայի իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել են երիտասարդ տղամարդ և կին։
Հուլիսի 21-ն Օդեսայում սգո օր է հայտարարվել հուլիսի 20-ի հարվածների հետևանքով 3 զոհի հիշատակին։
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 21-ի առավոտյան հարվածել են Խարկովի մարզի Ռայ-Օլենիվկա գյուղին, որի հետևանքով զոհվել է 66-ամյա մեկ կին։
Եվս մեկ կին է զոհվել Խերսոնի կենտրոնական շրջանում ավտոմեքենայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Իսկ Սումիում ԱԹՍ-ների հարձակումները վնասել են ինը հարկանի բնակելի շենք, վիրավորվել է վեց մարդ։ Քաղաքի վրա ռուսական երկրորդ հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել առևտրի կենտրոնում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է գիշերը 209 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին երկրի 10 շրջանում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի վրա։
Սոչիի իշխանությունները հայտարարել են, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ աղջիկ է վիրավորվել։
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ Ռոստովի մարզում անտառային հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։
Վլադիմիրում ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի բնակարանի մեջ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չեն գրանցվել։

