Դավութօղլուն հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին լուրերը
Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուրն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ ԱԶԿ-ից դուրս չի պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել: «ԱԶԿ ընդունած որոշումը իմ որոշումն է, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեր բոլորիս թեկնածուն է»,- հայտարարել է նա՝ հերքելով ավելի վաղ որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 18-ին հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: