Ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը քաղաքական ուժերի ու խորհրդարանի խնդիրն է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը տեսնում է քաղաքական ուժերի քննարկումների դաշտում: Այս մասին ասաց Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, որ «ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ և պահանջում դա վերացնել: Ներկայում, երբ խոսք է գնում արտահերթ ընտրությունների մասին, դրանից առաջ իշխանությունը հնարավո՞ր է գնա այդ քայլին ու վերացնի ռեյտինգային ընտրակարգը»:
«Դա իշխանության խնդիրը չէ, դա քաղաքական ուժերի ու խորհրդարանի խնդիրն է: Ես հայտարարել եմ, որ որևէ սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, որ այնպես չլինի, թե մեկ քաղաքական ուժի կամքով կամ թելադրանքով է, նույնիսկ ամենաանկեղծ ու լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով, ես դա չեմ բացառում: Բայց քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ ինչպես ենք անում արտահերթ ընտրությունները, խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա»,- ասաց Կարեն Կարապետյանը: