«Բոլոր այն հայտարարությունները, որ մենք Կարեն Կարապետյանին «քցում» ենք, հեքիաթների և ուտոպիայի ժանրից են». Էդուարդ Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց համար զարմանալի չէր վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Կ. Կարապետյանը հայտարարել է, որ իրենք որոշել են՝ որպես երկրի առաջին դեմք՝ ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Է. Շարմազանովը վստահեցնում է՝ սրանով իրենք չեն սահմանափակել և փոքրացրել Կարեն Կարապետյանի լիազորությունները.

«Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում չի ունեցել այն լիազորությունները, որ ունենալու է վարչապետն ապրիլի 18-ից հետո: Նա չի ունեցել արտաքին գործերը կառավարելու, ուժային կառույցները ղեկավարելու, Անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք: Իսկ ապրիլի 17-ից վարչապետն ունենալու է այդ իրավունքները: Բոլոր այն հայտարարությունները, որ մենք Կարեն Կարապետյանին «քցում» ենք, Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափակում ենք, հեքիաթների և ուտոպիայի ժանրից են:

Կարեն Կարապետյանը շարունակելու է իր լուրջ դերակատարումն ունենալ կառավարման համակարգում, պարզապես, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, այդ կառավարման համակարգի առաջամարտիկը, ղեկավարը լինելու է իշխող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը, ինչպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում:

Որևէ պառլամենտական երկրում, որտեղ  այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, որը տվյալ կուսակցության լիդերն է»:

Հարցին՝ ո՞ր պաշտոնում է լինելու Կ. Կարապետյանը, ԱԺ փոխնախագահն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, դա որ պաշտոնն է լինելու, բայց կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս, որ այդ մասին խոսեմ»: Լրագրողի ճշտող հարցին՝ առաջին փոխվարչապետի պաշտոնի՞ մասին է խոսքը, Է. Շարմազանովը պատասխանեց, որ շատ հավանական է:

Է. Շարմազանովի խոսքով՝ Կ. Կարապետյանն իրենց թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց իրենց թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը:

Լրագրողի այն հարցին էլ, թե՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետ լինել, երկիրը «վարի՞ կգնա», Է. Շարմազանովն այսպես պատասխանեց.

«Երբ ասում ենք՝ անփոխարինելի, նկատի չունենք, որ, եթե այդ մարդը չլինի, երկիրը վարի կգնա, բայց անփոխարինելին այն է, որ մարդը տվյալ ժամանակահատվածում լավագույնը կարող է իրականացնի իր վրա դրված պարտականություները:

Անփոխարինելին այն մարդիկ են, առանց որոնց՝ մենք  շատ բաներ կկորցնենք: Պառլամենտում ինձ համար անփոխարինելի են եղել Վահան Հովհաննիսյանը, Ալիկ Արզումանյանը, ռազմական ոլորտում՝ Վազգեն Սարգսյանը, քաղաքական ոլորտում՝ Կարեն Դեմիրճյանը»:

Դիտարկմանը, թե 2015 թվականին Սահմանադրական բարեփոխումներից առաջ ընդդիմությունը հայտարարում էր, որ դա արվում էր Սերժ Սարգսյանի վերարտադրության  համար, իսկ ՀՀԿ-ն հերքում էր դա՝ Է. Շարմազանովը պատասխանեց, որ այսօր էլ է հերքում:

Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանը չի վերարտադրվում. «Պառլամենտական համակարգում ինչպիսի պաշտոն էլ ունենար Ս. Սարգսյանը, քաղաքական ղեկավարումը  ստանձնում է այն ուժը, որը ստանում է մեծամասնություն, և Ս. Սարգսյանը մեծամասնության ղեկավարն է: Բոլոր այն խոսքերը, որ՝ «մենք պայքարում ենք Ս. Սարգսյանի վերադարձի դեմ», ծիծաղելի են, որովհետև Ս. Սարգսյանը որևէ տեղ չի գնացել, որ վերադառնա»:

Տեսանյութեր

Լրահոս