Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են Հայաստանի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Արմեն Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջել են տնտեսության տարածքում, այցելել գինեգործարան։ Արգենտինահայ գործարարը պատմել է կատարված աշխատանքների, հետագա անելիքների ու ծրագրերի մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանը խոսել են Հայաստանի զարգացման հեռանկարների, տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի ներդրումը ոչ միայն տնտեսության զարգացման գործում, այլ նաեւ նշել է, որ նա Հայաստան է բերել գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում։

Ընկերությունն Արմավիրի մարզում հիմնել է խաղողի այգիներ՝ օգտագործելով գինու արտադրության համար լավագույն տեսակներն ու ներդնելով ոռոգման, այգիների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներ։ Աճեցված խաղողն օգտագործվում է գինու արտադրության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս