Բաժիններ՝

ԱՄՆ-ի ավտոարտադրողներն սկսել են հրաժարվել ոչ մեծ ավտոմեքենաների թողարկումից

Ամերիկացի ավտոարտադրողներն աստիճանաբար կրճատում են այսպես կոչված ուղեւորատար ավտոմեքենաների՝ համեմատաբար ոչ մեծ եւ խնայողական սեդանների, կուպեների, հեթչբեքների թողարկումը եւ անցնում են ավելի շահութաբեր արտաճանապարհայիններին ու պիկապներին, որոնց բաժինը շուկայում շարունակում է աճել: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ):

Երկար ժամանակ կարծում էին, որ ոչ մեծ ավտոմեքենաներն անհրաժեշտ սեգմենտ է, եթե դեթրոյթյան եռյակը ցանկանում է հաջողությամբ մրցակցել ճապոնացիների հետ, ինչպես նաեւ գրավել երիտասարդությանը եւ սահմանափակ բյուջեով գնորդներին:

Սակայն բենզինի գների նվազման եւ արտաճանապարհայինների էներգաարդյունավետության բարձրացման ֆոնին նույնիսկ մեծ սեդանները դուրս են եկել մոդայից: General Motors-ը (GM) 2018 թվականի ընթացքում կդադարեցնի Chevrolet Sonic սուբկոմպակտ ավտոմեքենաների արտադրությունը, իսկ առաջիկա մի քանի տարում կարող է հրաժարվել նաեւ Chevrolet Impala սեդաններից, WSJ-ին հայտնել են իրազեկ աղբյուրներ: Մինչդեռ Ford Motor-ը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի շուկայի համար Fiesta ավտոմեքենաներ կդադարի թողարկել առաջիկա 12 ամսվա ընթացքում, իսկ հետագայում կդադարեցնի Taurus սեդանների արտադրությունը, պնդում են ընկերության պլաններին ծանոթ աղբյուրները:

Ford-ի ղեկավարությունն առայժմ վերջնական որոշում չի ընդունել Ford Fusion-ի վերաբերյալ, որը նրա մոդելային շարքում գլխավոր մրցակիցն էր համարվում Honda Accord-ի եւ Toyota Camry-ի համար: Վերլուծաբանները կարծում են, որ ռազմավարության նման փոփոխությունը կարող է ուղեկցվել լրացուցիչ ռիսկերով էներգակիրների գների, կարգավորման կամ սպառողական նախապատվությունների փոփոխման դեպքում:

GM-ն առայժմ շարունակում է ԱՄՆ-ում վաճառել Chevrolet Cruze եւ Chevrolet Bolt, ինչպես նաեւ Buick եւ Cadillac, իսկ Ford-ը եւ Fiat Crysler-ը, Jeep-ի եւ F-150 պիկապների նոր մոդելների հաջողության ֆոնին, պլանավորում են էլ ավելի արագորեն ավելացնել մեծ եւ թանկ ավտոմեքենաների բաժինը: Fiat Chrysler-ը դեռ մի քանի տարի առաջ դադարեցրել էր Chrysler 200 սեդանների եւ Dodge Dart կոմպակտ ավտոմեքենաների թողարկումը. հերթի են դրված Chrysler 300-ը եւ Dodge Charger-ը:

Սեդանների, կուպեների եւ այլ կատեգորիաների մարդատար ավտոմեքենաների վաճառքների բաժինն ԱՄՆ-ի շուկայում 2012 թվականի 51 տոկոսից 2017 թվականին նվազել է մինչեւ 37 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս