«Պետք է հասկանանք, որ առանց հզոր տնտեսության հզոր բանակ ունենալ հնարավոր չի լինի». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թևան Պողոսյանն ասել է, որ մեր սահմաններին հարաբերական անդորր պահպանողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որոնք ստիպել են Ադրբեջանին գիտակցել, որ հայկական կողմն ավելի ուժեղ է:
«Մեր բանակն այսօր էլ անում է իր առջև դրված խնդիրը: Հենց այն, որ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիներին իրավիճակն ավելի հանգիստ էր առաջնագծում, սրացումներն ու նոր դիվերսիաներն այն քանակի չեն, ինչ նախկինում, նշանակում է, որ Ադրբեջանը գիտակցում է, որ հայկական կողմն ավելի ուժեղ է: Եվ միակ ուժը, որ այսօր պահպանում է հարաբերական անդորրը մեր սահմաններին, պաշտպանության բանակն է և Հ այաստանի Հանրապետության զինված ուժերը»,- ասել է Պողոսյանը:
Նա այն կարծիքին է, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները հետևություններ արել են, կա որոշակի առաջընթաց, թեև ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով առաջ գնային:
«Կցանկանայինք ավելի արագ տեմպերով զարգանալ, սակայն, այնուամենայնիվ, ունենք առաջընթաց, որովհետև տեսնում ենք և ներքին կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքար, և նոր այլընտրանքային ծրագրեր, ինչ-որ չափով՝ գիտության և ռազմաարդյունաբերության զարգացում:
Բնականաբար, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի արագ տեմպերով առաջ գնար, սակայն որ ասենք որևէ բան չի փոխվել՝ սուտ կլինի: Պետք է ասենք, որ միգուցե, ընդհանուր ճանապարհը ճիշտ է ընտրված, ուղղակի ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով գնային»,- ասել է Թևան Պողոսյանը:
Միևնույն ժամանակ նա երեք կարևոր քայլ է մատնանշել, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու համար:
Թ. Պողոսյանի կարծիքով՝ շատ կարևոր է մեր մտածելակերպը փոխել, այլևս չմտածել, որ պատերազմն ավարտված է և այդ հոգեբանությամբ չապրել:
«Պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ գնում է և դիվանագիտական, և տեղեկատվական դաշտում, ինչպես նաև՝ առաջնագծում: Բոլոր այս ուղղություններով պետք է կարողանանք մեր պայքարը տանել, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը մտածի, որ ինչ-որ մի բանով մեզանից առաջ է, որովհետև հենց Ադրբեջանն այդպես մտածեց, միանգամից զարկ է տալու ռազմական գործողություններին»,- ասել է Պողոսյանը:
Նա երկրորդ կարևոր խնդիրը համարում է Հայաստանի տնտեսության զարգացումը և ցավով նկատում, որ այստեղ ամենաթույլ առաջընթացն ունենք:
«Պետք է գիտակցենք, որ մենք չունենք միջազգային գործընկերներ, որոնք հարկ եղած դեպքում մեր փոխարեն մեր խնդիրները կլուծեն: Մեր խնդիրները լուծելու համար մենք պետք է հասկանանք, որ առանց հզոր տնտեսության հզոր բանակ ունենալ հնարավոր չի լինի: Պետք է զարկ տանք տնտեսական նոր մոդելի զարգացման, որովհետև հինը չի աշխատում»,- ասել է նա:
Երրորդ կարևոր խնդիրը Թևան Պողոսյանը համարում է նոր սերնդի դաստիարակությունն այն գիտակցությամբ, որ այս պայքարը երկար է տևելու: «Մենք պետք է այդ մարտահրավերին բաց խոսքով, բաց սրտով և սառը գիտակցությամբ նայենք: Իսկ դրա համար պետք է դաստիարակենք քաղաքացի, քաղաքացի, որը սիրում է իր երկիրը և պատրաստ է պաշտպանել այն ցանկացած պահի: Մենք պետք է զարկ տանք ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կրթությանը և ժողովրդագրության խնդիրներին»,- նշել է Թևան Պողոսյանը: