Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է պետականաշինության և բարեփոխումների ժամանակաշրջան
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այդ 10 տարիները եղել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: «Պետք է նշեմ, որ մենք գրեթե բոլոր ոլորտներում հասել ենք լուրջ հաջողությունների»,- ընդգծեց նա:
Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Շարմազանովը նշեց, որ 2008թ. չկար վրաց-օսական, վրաց-աբխազական կոնֆլիկտ, չկար մերձավորարևելյան ճգնաժամ, Իրան-Արևմուտք, Արևմուտք-Ռուսաստան շատ բարդ հարաբերություններ, քրդական հարց, Սիրիայի խնդիր, ուկրաինական ճգնաժամ, չկար քառօրյա պատերազմ: «Եվ այդ ամբողջությամբ հանդերձ ՀՀ Նախագահին հաջողվել է այսօր նաև անվտանգության առումով ունենալ ավելի ամուր հասարակություն և ամուր բանակ: Մենք կարողացանք տարածաշրջանում դառնալ գործոն: Նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ լինել և Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, և միևնույն ժամանակ նոյեմբերի 24-ին համագործակցության պայմանագիր ստորագրել Եվրոպական Միության հետ»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց մի կողմից ամրապնդել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից իրականացնել ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու դրան զուգահեռ շարունակել քաղաքական ինստիտուցիոնալ բարեփոխումները ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրով:
Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման առումով անհամեմատելի են 2008թ. և 2018թ. Հայաստանները: Շարմազանովը նշում է, որ 2008-2009 թվականներին միջազգային և եվրոպական կառույցները Հայաստանին շատ բաների համար էին քննադատում: «Մենք կարող էինք դրանց մի մասի հետ համաձայն լինել, մյուս մասի հետ՝ ոչ, սակայն դա փաստ էր: Իսկ այսօր՝ 2018թ.-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի գնահատականներն են, ով իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ազատ մամուլ և ազատ քաղաքացիական հասարակություն չի լինում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ Ստրասբուրգում ՀՀ Նախագահի հանդիպումները մի բան ցույց տվեցին, որ չկա մի եվրոպացի պատգամավոր կամ եվրոպական կառույց, որը կքննադատեր Հայաստանին ոչ ժողովրդավարական երկիր լինելու մեջ, իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում:
Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է նոր որակի վրա: «Եթե մեզ 5-10 տարի առաջ ասեին, որ Գերմանիայի նման երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատերին դա կարող էր երազ թվալ, բայց մենք տեսանք, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Մենք մեծ հաջողություն ենք արձանագրել ժխտողականության դեմ պայքարում. Հունաստանի, Կիպրոսի և Սլովակիայի նման երկրները թուրքական ժխտողականության դեմ բանաձևեր են ընդունել: Այս շարքը շարունակվելու է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: «Տնտեսության զարգացման առումով, իհարկե, խնդիրներ կան, սակայն այսօր Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է տարածաշրջանում: Այս առումով մենք առաջ ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից և ԱՊՀ բոլոր երկրներից: Մենք տարին փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով: Սա օդից չի եկել, սա մեր ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ է՝ Հայաստանի Նախագահի գլխավորությամբ»,- ասաց նա: