Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները. ՄԱԿ
Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները եւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների արտաքսումն իրենց տներից՝ չնայած Ռաքհայնի նահանգ հումանիտար մուտք ապահովելու վերաբերյալ երկրի կառավարությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերին:
Այդ մասին, ինչպես մարտի 6-ին հայտնել է France-Presse գործակալությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Էնդրյու Գիլմորը։ «Մյանմայում շարունակվում է ռոհինջա ժողովրդի էթնիկական զտումը»,- գործակալությունը մեջբերել է նրա խոսքը:
Գիլմորը նաեւ նշել է, որ հալածանքներն ուղեկցվում են «ահաբեկման ու սովի մատնելու արշավով», որպեսզի ստիպեն մարդկանց լքելու իրենց տները: ՄԱԿ-ի տվյալներով՝ Մյանմայից Բանգլադեշ է փախել շուրջ 690 հազար ռոհինջա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: