«Բժշկի խալաթն ավելի բարձր է, քան նման վարմունքը». «Գյումրի» ԲԿ-ի տնօրենը՝ հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի մասին
Օրեր առաջ shamshyan.com-ը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։
Ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։
Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանն աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածին ինքը ևս համապատասխան գնահատական է տալու:
«Մեզ մոտ ստեղծված հանձնաժողով կար, ես ասել եմ, որ բացատրագրերը գրեն, շատ հավանական է, որ վաղը կամ մյուս օրը էդ քննարկումը կլինի, էթիկայի հանձնաժողովը որոշում կկայացնի, ես ձեզ ամեն ինչի մասին տեղյակ կպահեմ»,-ասաց Արմեն Իսահակյանը:
Հարցին՝ արդյո՞ք զրուցել էեք միջադեպի մասնակիցների հետ, նա պատասխանեց, թե ոչ միայն խոսել է, այլև ասել է, որ զեկուցագրեր պատրաստեն:
«Այսօր էի ուզում էթիկայի հանձնաժողովի նիստն անել, բայց ինձ հարկավոր էր ոչ միայն այդ բժիշկների, ովքեր մասնակից են, այլև հարակից բժիշկների, բուժաշխատողների զեկուցագրերը, ովքեր ներկա են եղել բաժանմունքներում: Իմ մոտ արդեն 20-25 զեկուցագիր կա, որոնք էթիկայի հանձնաժողովը կքննարկի, օբյեկտիվ գնահատական կտա»:
Ամեն Իսահակյանի պարզաբանմամբ, քույրը, որն այդ գործին առնչություն է ունեցել, դիմել է ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում: Նա նշեց, որ ինքը չի կարող ասել՝ կգտնե՞ն հանցանք, թե՞ ոչ, բայց իր գնահատականը՝ որպես տնօրենի՝ հիվանդանոցում բժշկի կամ քույրի պահվածքի վերաբերյալ, լուրջ է լինելու:
Հարցին՝ հնարավո՞ր է միջադեպի հետ կապված հիվանդանոցում աշխատանքից ազատման դեպքեր լինեն կամ նախազգուշացում արվի որոշ բուժաշխատողների, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քանի դեռ քննչական գործողություններ է ընթանում, և ինքը չգիտի, թե դատարանն ինչ կորոշի, ուստի իրավունք չունի մարդուն առանց դատարանի որոշման աշխատանքից ազատել, սակայն էթիկայի հանձնաժողովի գնահատականն անպայման կհնչեցնի:
«Նաև ապրզ կլինի, թե ինչպիսի վեաբերմունք ունենք մենք այդ ամենի հանդեպ»,- ասաց նա:
Գյումրի ԲԿ-ի տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր համար անակնկալ չէր տեղի ունեցածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծեծկռտուքի մասնակիցները բժիշկներ են և որ միջադեպը հենց հիվանդանոցում է տեղի ունեցել:
«Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում և 1961 թվականից տեղյակ եմ այս ոլորտից: Ես, հայրս, մայրս, քույրս, եղբայրս, կինս, երեխաս բոլորը բժիշկներ են և բժշկի խալաթն ավելի բարձր է, քան նման վարմունքը, դրա համար գնահատականը խիստ է լինելու»,- հավելեց Ա.Իսահակյանը:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
«Իմ կողմից տրվել է համապատասխան հանձնարարություն ոստիկանության «Կումայրիի» բաժնին, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»:
Անահիտ Սիմոնյան