Հիմա էլ «շտրիխ-կոդի» միջոցով պետք է պարզե՞ն, թե որն է դեղամիջոցի արտադրության երկիրը

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետևյալ բովանդակությամբ:

1. Արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն շարունակում է մարզպետարանների առողջապահության վարչություններին անվճար տրամադրվող դեղերը հատկացնել հիվանդների թվաքանակին համապատասխան:

2. Յուրաքանչյուր անուն դեղամիջո՞ցն է հիվանդների թվաքանակին համապատասխան տրամադրվում:

3. ՀՀ ԱՆ-ն «Մետֆորմինի» մեկ դեղահաբը ո՞ր կազմակերպությունից և ի՞նչ գնով է ձեռք բերում:

Կարդացեք նաև

4. Պոլիկլինիկաներին տրամադրվող «Գլիմեպիրիդ» դեղամիջոցը ՀՀ ԱՆ-ն ո՞ր կազմակերպությունից է ձեռք բերում, ի՞նչ գնով և ո՞ր երկրից:

Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից ստացվել են հետևյալ պատասխանները.

1. Այո, համաձայն 27-ն ապրիլի 2012 թվականի N 926-Ա հրամանով հաստատված՝ «Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի բաշխման և բաշխում իրականացնող հաստատությունների կողմից հաշվետվությունների ներկայացնելու» կարգի 2-րդ գլխի, 2-րդ կետի:

2. Այո, իրականացվում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման թիվ 1 և 2 հավելվածների համաձայն՝ ըստ բնակչության սոցիալական խմբերի և ըստ հիվանդությունների՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և մասնավոր բժշկական հաստատությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրած պետության կողմից կենտրոնացված կարգով հատկացված եռամսյակային հաշվետվությունները:

3. 2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար, հայտարարված կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման մրցույթում հաղթող է ճանաչվել «Մետֆորմին» 1000 մգ N 30 դեղը՝ արտադրությունը՝ «Արփիմեդ» ՍՊԸ, մեկ դեղահատի գինը՝ 10.25 դրամ:

4. 2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերված «Գլիմեպիրիդ/Մետֆորմին 2մգ/500մգ-ԴԻՆԳԱ N 30 դեղի արտադրողը և մատակարարը «Արփիմեդ» ՍՊԸ, մատակարարը՝ «Արփիմեդ» ՍՊԸ-ն է, ՀՀ, մեկ դեղահատի գինը՝ 14.47 դրամ:

Նշենք որ 168.am-ն անդրադարձել էր այն հարցին, որ պոլիկլինիկաների կողմից երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող անձանց տրամադրվող «Գլիմեպիրիդ» դեղամիջոցի տուփի վրա դեղի արտադրության երկիրը և դեղն արտադրող դեղագործական ընկերությունը նշված չեն:

Դեռևս անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին մարդասիրական օգնության դեղեր է հատկացրել, որոնց թվում՝ նաև շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղեր՝ Սինջարդի (Էմպագլիֆլոզին/մետֆորմին հքլ) դեղահատ 12.5/500մգ N 180, Հավաքածու վերքերի մշակման (Հականեխիչ հեղուկ 177մլ, Նեոսպորին քսուք 14.2գ, Կպչուն վիրակապ 1.9սմ x 7.6սմ N30), Պրամոզոն (հիդրոկորտիզոն ացետատ/պրամոքսին հքլ) նրբաքսուք, Ֆլուոցինոլոն ացետոնիդ լ-թ արտ/օգ 0.01% 60մլ, Պրեպարացիոն H (գլիցերին /ֆենիլեֆրին/ պրամոքսին/ վազելին) նրբաքսուք:

Պոլիկլինիկաներին հումանիտար ճանապարհով հատկացված դեղերի շարքում են նաև «Գլիմեպիրիդ» դեղահատ 2մգ N100 և Գլիմեպիրիդ դեղահատ 4մգ N100-ը:

Մեզ հետ զրույցում պոլիկլինիկաներից մեկում հաստատեցին, որ «Գլիմեպիրիդը» (խոսքը չի վերաբերում ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերվող «Դինգա» դեղամիջոցին) պոլիկլինիկաներին հումանիտար ճանապարհով են տրամադրում, և դարձյալ մեզ հետ զրույցում չկարողացան նշել, թե որ երկիրն է արտադրում այդ դեղամիջոցը և դեղագործական որ կազմակերպությունը` նշելով, որ դրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է ստանալ ՀՀ ԱՆ-ից կամ դա հնարավոր է պարզել դեղի տուփի վրա առկա շտրիխ-կոդի միջոցով:

Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին որոշ հիվանդներ, իրենց համար ավելորդ բարդություններ են ստեղծվում, հիմա էլ «շտրիխ-կոդի» միջոցո՞վ պետք է պարզեն, թե որն է այս դեղամիջոցի արտադրության երկիրը: Շատ դեպքերում հիվանդներն այդ տարբերակով փորձելով՝ դժվարանում են որոշել դեղի արտադրության երկիրը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս