Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ
Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձավ փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:
«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- ասաց Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Ըստ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետի՝ այդ գործում որպես վկա հանդես է գալիս հենց «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յայիր Լապիդը:
«Վերջին շրջանում մենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախաձեռնություններով հանդես չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշվի առնելով նաև կոալիցիոն կառավարության և ընդդիմության միջև սուր պայքարը, քանի դեռ կառավարությունը չի հաղթահարել իր ժխտողական կեցվածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները գնալով զարգանում են և ամրապնդվում, ու այլևս սառնություն չկա»,- ասաց Հակոբ Սևանը:
Վերջինս նշեց, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Կնեսետում, այդ թվում՝ Յայիր Լապիդի հետ: