Բաժիններ՝

«Ծանր պայմաններում էլ մարդիկ չէին բողոքում, որովհետև գիտեին, որ երկիրը դժվարության մեջ է». Արմեն Սարգսյան

Փետրվարի 13-ին ՀՀ նախագահի չորրորդ թեկնածու Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Սկզբում նա այցելեց Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի, այնուհետև գյումրեցիների հետ գնաց Արվեստների ակադեմիա, Գյումրու Օյունջյան կրթահամալիր: Արմեն Սարգսյանը եղել է նաև Ձիթողցյանների տուն-թանգարանում:

«Ինչպես գիտեք, ես սպասում եմ Հանրապետության նախագահի հետ իմ հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է քննարկենք ինձ տրված առաջարկությունը ՀՀ նախագահի կողմից: Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները: Ճիշտն ասած, միշտ ցավոտ եմ վերաբերվել դրան, հատկապես` 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: 88-ից հետո սկսված մեր պայքարը Արցախի և Հայաստանի Հանրապետության համար ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ տեղի ունեցածը: Սա հսկայական ցավ է ինձ համար էլ: Ես 1996 թվականին, երբ եկա Գյումրի` որպես վարչապետ, ճիշտն ասած, սպասում էի, որ գյումրվա ժողովուրդն ինձ դառնացած, նյարդային կբողոքեր, ամեն ինչ էլ սպասում էի, բայց եղավ լրիվ հակառակը. հսկայական ջերմությամբ դիմավորեցին, տատիկները նույնիսկ ինձ դոմիկների մեջ տարան, ճաշ էին հյուրասիրում:

Սա ցույց է տալիս նաև գյումրեցու մեծահոգությունը: Ծանր պայմաններում էլ մարդիկ չէին բողոքում, որովհետև գիտեին, որ երկիրը դժվարության մեջ է: Ինձ որպես զավակի ընդունեցին, սա ես երբեք մոռանալ չեմ կարողանում: Ես 21 տարիների ընթացքում Գյումրի հաճախ եմ եկել, ուղղակի դուք չեք իմացել դրա մասին»,- Գյումրի կատարած իր այցի ընթացքում հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզի զարգացման հնարավորություններին, ՀՀ նախագահի չորրորդ թեկնածուն հայտարարեց, որ Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է:

Կարդացեք նաև

«Շիրակն ունի հսկայական գյուղատնտեսական պոտենցիալ: Այս քաղաքը եղել է վարպետների և ուստեքի քաղաք»:

Ի՞նչ նշանակություն ունեցավ Ա.Սարգսյանի այցը Գյումրու համար, արդյո՞ք ՀՀ նախագահի չորրորդ թեկնածուն հանդես եկավ Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրու զարգացման համար նոր առաջարկություններով:

Գյումրեցիները մեծամասամբ հույսեր չեն կապում, որ, եթե Ա.Սարգսյանին հաջողվի դառնալ ՀՀ նախագահ, ապա իրենց համար շատ բաներ կփոխվեն:

Իրավագետ, Եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ ՀՀ սահմանադրության՝ Ա.Սարգսյանը չունի իրավազորություն՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

«Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ Ա.Սարգսյանը 6 տարի անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում»,- նշեց Ռ.Այվազյանը:

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը գնահատելով Ա.Սարգսյանի կատարած այցը Գյումրի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի չորրորդ թեկնածուն գյումրեցիների համար էական առաջարկություններ չներկայացրեց:

«Պառլամենտական կառավարման դեպքում նախագահի պաշտոնը սիմվոլիկ կլինի: Արմեն Սարգսյանն իր բնավորությամբ հեղափոխական փոփոխությունների ոչ փորձն ունի, ոչ էլ ցանկություն: Այդ առումով հուսեր կապել, որ նրա օրոք դրական տեղաշարժեր կլինեն, անիմաստ է»,- ասաց Վ.Թումասյանը:

Վերջինիս խոսքով՝ անօթևանության, աղքատության, քայքայված տնտեսության խնդիրները մինչ օրս լուծված չեն, և դրա համար լուրջ քաղաքական կամ կազմակերպչական հսկայական աշխատանք է պետք ծավալել:

«Անհրաժեշտ է Գյումրուն մեծ ուշադրություն դարձնել, սակայն իշխանություններն ապացուցեցին, որ այդ կամքը չունեն: Նման իրավիճակում որևէ լուրջ փոփոխություն չեմ ակնկալում: Լինի գործազրկություն, քարուքանդ փողոցներ, քայքայված տնտեսություն, արտագաղթ, նմանատիպ խնդիրները լուծելու կամք Հայաստանում չկա»:

Վ.Թումասյանի պնդմամբ, այս պարագայում մնում է, որ իրենց հիմնախնդիրները լուծելու համար գյումրեցիները համախմբվեն, սակայն միայն Արմեն Սարգսյանը նման նախաձեռնությունը կյանքի կոչել չի կարող.

«Ա.Սարգսյանը համեմատություն էր արել, թե՝ մի սպասեք, որ Բրեժնևը կգա, ինքը որպես բացասական օրինակ բերեց Բրեժնևին, բայց իր Գյումրի կատարած այցի ընթացքում իր պահվածքը ոչնչով չէր տարբերվում բրեժնևյան վարքագծից: Հրապարակում ձևական ման գալ, մտավորականների հետ հանդիպել, սիրուն-սիրուն խոսել, 21 տարվա հուշերը պատմել: Սիմվոլիկ շոու էր կազմակերպված»:

«Շիրակ» կենտրոնի ղեկավարը հավելեց, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ կատարել, փոքր գործարաններ ստեղծել, սակայն մինչ այդ գործարար դաշտ ստեղծել, իսկ Գյումրիում դա հնարավոր է միայն ներդրումային ծրագրերի միջոցով:

«Անհրաժեշտ է Երևանում սահմանափակել ներդրումային դաշտը: Հին գործարանները փլատակների են վերածված, սակայն կան տարածքներ, որոնք կարելի է օգտագործել»:

Մեզ հետ զրույցի վերջում նա նշեց, որ Գյումրիում մի փողոց հիմնանորոգելով՝ տուրիզմ չի արող զարգանալ, քանի որ կարելի էր այդ գումարով «Կումայրի» արգելոցի մեջ մտնող շինությունները հիմնանորոգել, որոնք գուցե 10 տարի անց այլևս դադարեն գոյություն ունենալուց:

«Հասարակության հետ փոխադարձ կապի բացակայությունը բերում է սխալ քաղաքականության»,- ասաց նա:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս