Բաժիններ՝

«4 կուրս դասադուլ են անում». Հովհաննես Խորիկյանի անժամկետ հացադուլին արձագանքել են նաև ուսանողները

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 12-ին ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայտարարած անժամկետ հացադուլին արձագանքել են նաև ուսանողները: Պատության բաժնի երեք կուրսեր ի պաշտպանություն Հ.Խորիկյանի և սեփական իրավունքների՝ դասադուլ են հայտարարել:

«4 կուրս՝ պատմության երկրորդ, երրորդ, չորրորդ և պատմության մագիստրատուրայի առաջին կուրսերը դասադուլ են անում: Քիչ առաջ պրոռեկտորը հանդիպեց ուսանողների հետ՝ հորդորելով նրանց դադարեցնել դասադուլը, ուսանողների մեծ մասն էլ հայտարարել է, որ դասադուլը կդադարեցնեն միայն այն ժամանակ, եթե պարոն Խորիկյանը դադարեցնի հացադուլը»,- ասաց Գ.Համբարյանը:

Նա նշեց, որ բուհն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, քանի որ նախորդ ռեկտորից մնացած գումարները փոշիացվում են:

«Նաև ոչ ոք չի հերքում, որ բուհն ունի ֆինանսական մեծ խնդիրներ: Պարոն Մինասյանն ուղղակիորեն մսխեց 500 միլիոն դրամից ավելի գումարը, որը ժառանգել էր նախկին ռեկտորից: Շինարարություն կազմակերպեց բուհում, որի անհրաժեշտությունն ընդհանրապես չկար: Բուհն ունի 250.000 դոլարանոց դահլիճ, այն դեպքում, երբ դահլիճի կահավորումը և տեխնիկական ապահովությունը նվեր է Համաշխարհային բանկից: Որևէ նորմալ մարդ, ով երբևէ կմտնի դահլիճ, չի հավատա, որ դահլիճի վերանորոգման վրա կարելի է 250.000 դոլար ծախսել: 25 միլիոն դրամ էլ բուֆետի շինարարության վրա է ծախսվել:

Կարդացեք նաև

Դուք ինքներդ էիք պարոն Մինասյանից հարցազրույց վերցրել, և նա բացահայտ խաբել էր, որի համաձայն՝ դահլիճի և դահլիճի շքամուտքի շինարարության վրա ծախսել է 66-68 միլիոն դրամ: Ես տեղեկություն հրապարակեմ՝ սա ԿԳՆ ակտն է, որի համաձայն՝ պարոն Մինասյանը սեպտեմբերի վերջի դրությամբ (փաստաթղթում հատուկ նշվում է՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն) ծախսել է 87 միլիոն 229 հազար 500 դրամ գումար:

Հետաքրքիր է՝ բա այդ 20 միլիոն դրամի տարբերությունը որտեղի՞ց: Պարոն Մինասյանը ոչ միայն ձեզ, այլև մամուլի ասուլիսների ընթացքում ապատեղեկատվություն է հայտնել:

Մի տխուր իրողություն ևս հայտնեմ. վերջերս Շիրակի մարզի դատախազը ձեզ հետ հանդիպելիս նշել էր, որ իրենք այս ակտը ձեռք են բերել ընդամենը մի քանի օր առաջ և ուսումնասիրում են: Ուղղակի ամոթ է, այս ակտն ինձ մոտ գտնվում է 3 ամսից ավելի: Եթե ես՝ որպես սովորական ՀՀ քաղաքացի, կարող եմ այս ակտն իմ ձեռքին ունենալ 3 ամսից ավելի, բա ամոթ չէ՞, որ Շիրակի մարզի դատախազը մի քանի օր առաջ է ձեռք բերել:

Հատուկ նրա համար պետք է նշեմ, որ ես դուրս եմ գրել բոլոր հանցագործությունները, որոնք տեղ են գտել ակտում, և ուղարկել եմ իրեն, որպեսզի ինքն էլ չտանջվի, քանի որ կոնկրետ գնումների պահով պարոն Մինասյանի համար քրեական պատիժն արդեն ապահովված է»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Նրա պնդմամբ, ի տարբերություն հայաստանյան մյուս բուհերի՝ պարոն Մինասյանի կատարած գնումները, ծախսերը գաղտնի են, հրապարակված չեն ոչ gnumner.am կայքում, ոչ azdarar.am կայքում, ոչ էլ բուհի պաշտոնական կայքէջերում:

«Եթե մյուս բուհերն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում, առավել ևս՝ ֆինանսական, պարոն Մինասյանը դա գաղտնի է պահում: Շինծու աուդիտ են անցկացնում, և աուդիտորներից մեկը եղել է գլխավոր կեղծարար պարոն Րաֆֆին, ով գլխավոր հաշվապահ է ընդունվել, չզարմանաք՝ 350.000 դրամ աշխատավարձով: Շիրակի պետական համալսարանում գլխավոր թալանչիները շատ բարձր աշխատավարձեր են ստանում»:

Մեր զրուցակցի հավաստմամբ, պարոն Մինասյանը չի վճարում ժամավճարները, նաև գիտական գործունեություն ծավալած դասախոսների հավելավճարները՝ գիտական հոդվածներ հրապարակելու դիմաց:

«Հետաքրքիր է՝ որտե՞ղ են մեր բուհի գումարները, և ինչո՞ւ պարոն Մինասյանը դրանք չի վճարում: Ո՞վ է նրան թույլ տվել այսպես վարվել: Մենք ամեն տարի, 7 տարի շարունակ նորմալ, իրար հետևից ստացել ենք մեր ժամավճարները, իսկ հիմա չենք ստանում»,- հավելեց Գ.Համբարյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս