ԱՄՆ-ը Եգիպտոսին 1 մլրդ դոլար է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարելու համար
Վաշինգտոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Կահիրեին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Վաշինգտոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Կահիրեին ահաբեկչությանը դիմակայելու նպատակով երկրի ռազմական ներուժի ավելացման համար,-նշել է նա:-Մենք Եգիպտոսի կողմում ենք կանգնած ահաբեկչության դեմ նրա պատերազմում եւ կշարունակենք մեր սերտ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում»: Եգիպտոսին ԱՄՆ-ի ամենամյա ռազմական օգնությունը կազմում է մոտավորապես 1,3 մլրդ դոլար:
Միայն վերջին 30 տարվա ընթացքում ռազմատնտեսական օգնության շրջանակներում Վաշինգտոնը Կահիրեին հատկացրել է ընդհանուր առմամբ 80 մլրդ դոլար: Սակայն անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ը հայտարարել է այս երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով ռազմական բաղադրիչը 195 մլն դոլարով կրճատելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: