«Չեմ կարծում՝ Բելգիայում ընտրությունների ժամանակ խոստանում են, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տան ՀՀԿ-ին». Էդմոն Մարուքյան
«Ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում է վարչապետին»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը դատապարտյալին ներում շնորհելու առաջարկությամբ պետք է դիմի ՀՀ նախագահին:
Է. Մարուքյանը նաև բարձրացրեց այն հարցը, որ այդ ներման հրամանագրերը պետք է լինեն հրապարակային, որպեսզի հասարակությունն իմանա՝ ովքեր և ինչ հանգամանքներում են ներվել.
«Բազմաթիվ դեպքերում մենք թերթերից ենք իմանում, որ ինչ-որ մեկը ներվել է: Ասում էիք՝ նախագահին պետք չէ կաշկանդել ներման հրամանագիրը հրապարակելով, բայց աստեղ հարց է առաջանում՝ եթե նախագահից այդ իրավունքը վերցնում եք, և նա ուղղակի ստորագրելու է այս հրամանագրի տակ, և նախագահն անկուսակցական է և այլևս չի կարող վերընտրվել, ապա նա ինչի՞ց պետք է կաշկանդված լինի»:
Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նախ նշեց, որ նախագահից լիազորություն չի վերցվում, որովհետև այդ լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ.
«Նախատեսվում է, որ պարտադիր պետք է լինի առաջարկություն ներկայացնող մարմին, և որոշվել է, որ խորհրդարանական համակարգի դեպքում՝ այդ մարմինը պետք է լինի ՀՀ վարչապետը, ու չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվում են»:
Անդրադառնալով հրամանագիրը հրապարակելու խնդրին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ մի քանի երկրներ են դա անում. «Ժողովրդավարական երկիր հանդիացող Բելգիան, մեզ նման երկիր Վրաստանը, Բուլղարիան չեն հրապարակում այդ հրամանագրերը՝ չկաշկանդելու համար նախագահին»:
«Որ Բելգիայի օրինակը բերում եք, չեմ կարծում՝ այնտեղ ընտրությունների ժամանակ խոստանում են, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տան ՀՀԿ-ին, այսինքն՝ պետք չէ Բելգիայի հետ համեմատել, իսկ Հայաստանում պետք է հրապարակել»,- նշեց Է. Մարուքյանը: