Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը զայրացրել է Չավուշօղլուին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:
Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մակրոնի հայտարարությանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու մասին: «Ի՞նչ կփոխվի նրանից, որ հարցը բերվի կամ չբերվի օրակարգ»,- ասել է արտգործնախարարը: Նա հավելել է նաև, որ ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական տերմին է:
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Մակրոնի հայտարարությունը Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ռազմական ուժերի գործողությունների վերաբերյալ: «Աֆրինի հետ կապված Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր չի կարող մեզ դաս տալ: Այս եվրոպացիները երկերեսանի են: Դեմքիդ ասում են ճիշտ ես, իսկ թիկունքիցդ այլ հայտարարություն են անում»,- ասել է Չավուշօղլուն:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: «Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում: