Տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը. Ֆրանկո Ֆալչինելին հրաժարական է տվել
Դուբայում տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը, որին Հայաստանից մասնակցել են ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն ու ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: ԱԻԲԱ-ն խոստացել է, որ վերանայելու է բողոքարկման մասին որոշումը: Նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը, որը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել:
ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրել են նոր, փոփոխված կանոնադրությունը: Նոր կանոնադրությամբ բավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները և հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ: Բավականին թուլացվել են ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները: Այսուհետ կարևոր որոշումները կկայացվեն միմիայն խորհրդի անդամների մասնակցությամբ: Ավելացվել է նաև խորհրդի անդամների քանակը. 24-ից դարձել է 28: ԱԻԲԱ-Ն հայտարարել է, որ պատրաստ է ընդունելու իր սխալները:
Մեղադրանքները հիմնականում ֆինանսական բնույթ են կրել և առնչվել են նախկին նախագահ Չինգ Կոու Վուի հետ: Նման մի շարք հակաօրինական արարքների համար ԱԻԲԱ-ից հեռացվել են բազմաթիվ պաշտոնատար անձինք, ովքեր մութ ու կասկածելի գործարքներ են կատարել նախագահ Չինգ Կոու Վուի պահանջով:
Քննարկվել է ԱԻԲԱ-ի նախկին նախագահին պատվավոր նախագահի կոչում տալու հարցը: Բոլոր ֆեդերացիաները դեմ են արտահայտվել: Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական է ներկայացրել ԱԻԲԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին:
ԱԻԲԱ-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանկո Ֆալչինելիին երկար տարիների կատարած աշխատանքի համար, մասնավորապես նախկին նախագահի ֆինանսական խախտումները բացահայտելու համար: Որոշվել է, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահը, ով ամենաերկարն է զբաղեցրել այդ պաշտոնը: Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցրել է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը և հենց նրան էլ առաջարկվել է մինչ ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները:
Հերթական համաժողովը կայանալու է Մոսկվայում 2018 թ. նոյեմբերի 2-3-ը: Գաֆուր Ռախիմովը պատվով ընդունել է առաջարկը և խոստացել է առավելագույնն անել բռնցքամարտի զարգացման համար: Այնուհետև ելույթ է ունեցել ռուսական կողմը և ներկայացրել նոյեմբերին կայանալիք համաժողովի պայմանները: Ելույթ է ունեցել ՄՕԿ-ի ներկայացուցիչը, ով ներկայացրել է 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը բռնցքամարտի հետ կապված:
ՄՕԿ-ի որոշմամբ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն և հասցվեն 8-ի, իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի: Այս որոշմամբ նրանք ցանկացել են լուծել գենդերային հավասարության հարցը: ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է նաև բռնցքամարտի դերը Օլիմպիական խաղերում: Նա ասել է, որ բռնցքամարտը հանդիսանում է Օլիմպիական խաղերի ամենադիտված մարզաձևը, և որ այն դեռևս 114 տարի առաջ է դարձել օլիմպիական մարզաձև:
Ֆալչինելին իր անհամաձայնությունն է հայտնել ՄՕԿ-ին և նշել, որ ի տարբերություն մյուս մարզաձևերի, բռնցքամարտում չի կարելի նման կերպ լուծել գենդերային հարցը, քանի որ բռնցքամարը ծանր մարզաձև է:
ԱԻԲԱ-ն առաջարկել է 2020 թ. Օլիմպիական խաղերին տղամարադկանց համար թողնել 10 քաշային կարգերը,ի սկ կանանցը դարձնել 5: Քվոտաների հետ կապված առաջարկվել է տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը 36-ից` 60: