«Ադրբեջանը գիտակցում է, որ ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել և հասնել հաղթանակի». Վաղարշակ Հարությունյան
«Պատերազմը ռեսուրսների պատերազմ է, և միշտ որոշում ընդունելիս դու պետք է գնահատես քո գործողությունների էֆեկտիվությունն ու դրա գինը։ Հիմա Ադրբեջանն ունի սարքեր, որոնք ավելի թանկ են, բայց այդպիսի քայլերի են գնում, որովհետև ուզում են էժան գնով լարվածություն պահել, դրա համար բաժակի մեջ նռնակը դնում են, հասարակ սարքը գալիս է, բաժակը գցում է, նռնակը պայթում է։ Շատ պրիմիտիվ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն՝ կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:
168.am-ի հարցին՝ Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունն արդյո՞ք կապ ուներ ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի հետ, նա այսպես պատասխանեց. «Չեմ բացառում, բայց դուք նկատել եք, չէ՞, որ վերջին երկու տարվա ընթացքում 1 անհաջող փորձ են ունեցել, դրանից հետո նման քայլ չէին արել։ Հիմա նորից փորձեցին, որովհետև այստեղ Ադրբեջանը գիտակցում է, որ ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսել և հասնել հաղթանակի։ Բայց միևնույն ժամանակ՝ նա ուզում է լարվածություն պահել շփման գծում։
Դրա համար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո, երբ որոշում ընդունվեց՝ տեղադրել սարքեր, որոնք կորոշեն, թե ով է խախտում անում, նրանք չեն համաձայնում, որովհետև կբացահայտվի, որ իրենք են։ Իսկ իրենց մարտավարությունն այն է, որ միշտ լարվածություն պահեն սահմանում, ինչը կբերի բանակի թուլացման, հասարակությունը կսկսի դուրս գալ իշխանության դեմ, կասեն՝ այս Արցախը մեզ հոգնեցրեց, մենք ամեն օր կորցնում ենք մեր զավակներին, մեր երեխաներին։ Նպատակը դա է. փորձում են հասարակության միջոցով ճնշում իրականացնել քաղաքական իշխանության վրա, որ գնան զիջումների Արցախի հարցում»։
Շարունակելով մեր հարցի պատասխանը՝ նա ասաց, որ մի կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում տարվա ընթացքում կորուստների թիվը 69-ն է, իսկ Հայաստանում՝ 49. «Հակառակորդի կրակից տարեկան զոհվում է 20-25 զինվոր, բացառությամբ՝ 2016 թվականի։ Իհարկե, կորուստները մեծ են, բայց մենք պահում ենք 1000 կմ երկարություն ունեցող շփման գիծ։ Եթե մենք հաշվարկում ենք, ապա մյուս բանակներում տարվա կտրվածքով ավելի շատ կորուստներ են լինում։ Հայաստանում ավտովթարներից զոհվում է տարեկան 250-300 մարդ, 4 հազար վիրավոր ենք ունենում, և անիմաստ, իսկ մեր զինվորները հայրենիքն ու հողը պաշտպանելու համար են զոհվում։ Եվ երբ մենք համեմատում ենք, ապա պետք է գիտակցենք, որ մեր բանակն էֆեկտիվ է գործում, եթե նա ունի այդքան կորուստ՝ պահելով 1000 կմ շփման գիծ»։