Էմմա Ուոթսոնը, Թոմ Քրուզը և Ջոնի Դեփը հայտնվել են «Ոսկե ազնվամորու» անվանակարգորդների թվում
ԱՄՆ-ում հունվարի 21-ին հայտարարվել են 2017 թվականի «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգորդները: Կինեմատոգրաֆի բնագավառում ամենակասկածելի ձեռքբերումների համար այս պարգեւի հավակնորդների թվում տեղ են գտել Թոմ Քրուզը, Ջոնի Դեփը, Ջեյմի Դոռնանը եւ Էմմա Ուոթսոնը։
«Վատագույն ֆիլմ» կատեգորիայում ներկայացված են «Էմոջի ֆիլմ», «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը», «Հիսուն երանգով ավելի մուգ», «Մումիա» եւ «Մալիբուի փրկիչները» ժապավենները:
«Վատագույն դերասան» անվանակարգում ներառված են Թոմ Քրուզը՝ «Մումիա» ֆիլմում դերի համար, Ջեյմի Դոռնանը («Հիսուն երանգով ավելի մուգ»), Մարկ Ուոլբերգը՝ «Բարեւ, հայրիկ, Նոր տարի է 2» եւ «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» կինոնկարներում խաղացած դերերի համար: Բացի դրանից, վատագույն դերասաններ կարող են ճանաչվել Ջոնի Դեփը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռածները հեքիաթներ չեն պատմում» ժապավենում խաղացած դերի համար եւ «Զաք Էֆրոնը (Մալիբուի փրկիչները»):
Գլխավոր դերի վատագույն կատարողուհիներ կոչմանը հավակնում են դերասան Թայլեր Փերին, որը կնոջ զգեստ է հագել «Մեդեայի հելոուինը 2» ֆիլմում նկարահանվելու համար: Նրա մրցակցուհիներն են դարձել Դաքոթա Ջոնսոնը («Հիսուն երանգով ավելի մուգ»), Քեթրին Հայգլը («Տեսիլք»), Էմմա Ուոթսոնը («Սֆերա») եւ Ջենիֆեր Լոուրենսը («Մայրիկ»):
Հաղթողները կհայտարարվեն մարտի 3-ին՝ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնումից մեկ օր առաջ: «Ոսկե ազնվամորի» մրցանակը հիմնել են 1980 թվականին, անվանակարգորդներին ընտրում է համանուն հիմնադրամը, որի մեջ մտնում է շուրջ 700 մարդ՝ ԱՄՆ-ից եւ 19 այլ երկրներից: Այս մրցանակի համար կարող են առաջադրվել ֆիլմեր, որոնք ԱՄՆ-ի եւ Կանադայի էկրաններին են բարձրացել տարվա ընթացքում:
Պարգեւով նշվում են վատագույն եւ կասկածելի աշխատանքները կինոյի բնագավառում:
Արձանիկն իրենից ներկայացնում է հատապտղի` ոսկեզօծված պլաստիկե մոդելը, դրա արժեքը չի գերազանցում 5 դոլարը: