Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ. հրապարակվել է որպես զիջման քայլ մշակված նախագիծը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները:

Նախորդ տարվա վերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով էապես սահմանափակվում է զորակոչից տարկետման իրավունքը: Դա պատճառ էր դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն այդ փոփոխության դեմ պայքար սկսեր, որի մեջ ներառված էին դասադուլներ, հացադուլներ: Տարկետման, ըստ էության, վերացումը նրանք համարում էին գիտությանն ուղղված հարված:

Իշխանությունը, որպես զիջման քայլ, խոստացել էր առանձնահատուկ օժտվածություն ունեցող ուսանողների համար սահմանել բացառություն, ինչը, սակայն, բողոքի ձայն հնչեցնող երիտասարդները համարել էին անչափելի: Խոսքը օժտվածության մասին էր:

Հրապարակված որոշման նախագծով մասնավորապես սահմանվում է.

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ստեղծի գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով եւ հաստատելու է դրա կազմն ու աշխատակարգը:

Հանձնաժողովի կազմը լինելու է ոչ պակաս, քան 11 անդամ՝ այդ կազմում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ պաշտպանության նախարարություններից, ինչպես նաեւ գիտության եւ կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների: Հանձնաժողովի դրական եզրակացության եւ դրանց վերաբերյալ ստացված դիմումների ու կից փաստաթղթերի հիման վրա պետք է մշակվի կառավարության որոշման նախագիծ: Այսինքն՝ առանձին անձանց տարկետման իրավունքի տրամադրման կամ մերժման մասին վերջնական որոշումը կայացնելու է կառավարությունը:

Հրապարակված նախագի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս