Թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը՝ Եվրախորհրդի օրակարգում

Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների շարքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hürriyet կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը։

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան վճռել է նվազեցնել ԵԽ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դուրս գալով Եվորպական խորհրդի «մեծ ֆինանսավորողների» ցուցակից։ 2016թ․ հունվարի մեկից հետո Թուրքիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ համարվում է ԵԽ բյուջեում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը։

ԵԽ-ի 2017թ․ բյուջեն կազմել է 455 միլիոն եվրո, որից 33․8 միլիոնը Թուրքիայի ներդրումն է։ Թուրքիան, սակայն, պատրաստվում է այսուհետ իր ներդրումների ծավալը հասցնել 13-14 մլն եվրոյի։

Նախատեսվում է, որ ԵԽ-ում Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը ևս կնվազի։ Նախկինում, երբ Թուրքիան ավելացրել էր ԵԽ բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դառնալով 6 ամենախոշոր ներդրողներից մեկը, թուրքական պատվիրակության անդամների թիվը 12-ից հասվել էր 18-ի։ Ներկայումս հնարավոր է, որ այդ թիվը կրկին իջեցվի մինչև 12։

Ներդրումների ծավալը նվազեցնելու վերաբերյալ Անկարայի որոշումից հետո ԵԽ-ում քննարկվում է թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը։ Այս նպատակով պատրաստվող զեկույցը քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Աղբյուրի համաձայն՝ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով հավանականությունը մեծ է, որ նախագիծ կհաստատվի։

Թուրքիայի և Եվրոպական խորհրդի հարաբերությունների վրա հատկապես բացասական են ազդել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած բազմաթիվ իրավախախտումները։ 2017թ․ ապրիլին ԵԽԽՎ-ն վերսկսեց Թուրքիայում քաղաքական մոնիտորինգի գործընթացը՝ «ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտներում Եվրոպական խորհրդի անդամ պետության պարտավորությունները չկատարելու» հիմնավորմամբ։ Այդ գործընթացը Թուրքիայի համար դադարեցվել էր 2004թ․։ Դա Թուրքիայում մեծ դժգոհության առիթ հանդիսացավ․ այսպիսով Թուրքիան դարձավ աշխարհում միակ երկիրը, որտեղ մեկ անգամ դադարեցված ԵԽ քաղաքական մոնիտորինգը վերսկսվել է։

Տեսանյութեր

Լրահոս