Nissan-ը, Renault-ը, Mitsubishi-ն 1 մլրդ դոլար ծավալով հիմնադրամ են ստեղծել տեխնոլոգիաների զարգացման համար
Դաշինքը, որի կազմի մեջ են մտնում Ճապոնիայի Nissan եւ Mitsubishi ավտոկոնցեռնները, ինչպես նաեւ Ֆրանսիայի Renault ընկերությունը, հայտարարել է 1 միլիարդ դոլար ծավալով ռիսկային հիմնադրամի ստեղծման մասին՝ ավտոմոբիլաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին ասված է կողմերի տարածված համատեղ հայտարարության մեջ:
«Մեր բաց ներդրումային մոտեցումը մեզ թույլ կտա համագործակցել տեխնոլոգիական ստարտապների եւ ձեռնարկիչների հետ, ինչպես նաեւ ներդրումներ կատարել դրանցում, իսկ նրանք իրենց հերթին կկարողանան օգուտ քաղել մեր գլոբալ դաշինքի հետ փոխգործակցելուց»,- նշել է դաշինքի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլոս Գոնը:
Նշվում է, որ հիմնադրամի, որի գործողության ժամկետը 5 տարի է, հիմնական խնդիրը կդառնա անվարորդ կառավարման տեխնոլոգիաների եւ անվտանգության համակարգերի զարգացման օժանդակումը, այդ թվում արհեստական ինտելեկտի օգտագործման հաշվին:
Հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի դաշինքնի մեջ մտնող բոլոր ընկերությունների կողմից, ըստ որում Nissan-ի եւ Renault-ի բաժինը կկազմի 40-ական տոկոս, Mitsubishi-ինը՝ 20 տոկոս:
Ճապոնա-ֆրանսիական դաշինքն առաջատարներից մեկն է աշխարհում: Այն տարեկան արտադրում է ավելի քան 10 միլիոն ավտոմոբիլ եւ վաճառքների ծավալներով երրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայի Volkswagen կոնցեռնից եւ Ճապոնիայի Toyota ընկերությունից անմիջապես հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: