«Գործ ունենք ահաբեկչական պետության հետ». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:
«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը, որպես կայունության, խաղաղության միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:
«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: