Ողբերգական ավտովթար Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում
Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ BMW X 6-ի մեջ հայտանաբերվել են մի քանի համարանիշներ հայկական և ռուսական և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվ-ճվ Արոյի» անուղղելի ճիվաղ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել, աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: