Խառնաշփոթ վիճակ Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրի կատարած այցի ընթացքում
Այսօր Գյումրի էր այցելել «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այցի ընթացքում արտակարգ դեպք տեղի ունեցավ: Վատացավ մի տարեց կնոջ ինքնազգացողությունը: Դեպքից որոշ ժամանակ անց նոր եկավ շտապօգնության մեքենան: Կնոջը պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց:
Գ.Ծառուկյանի այցի ընթացքում մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Վերջինիս անգամ չէին թողնում տեղաշարժվել: Բոլորը շտապում էին նամակներ հանձնել նրան:
«Իրար կուտեն, թողեք գոնե մարդն անցնի»,- վանկարկում էին հավաքվածներից ոմանք:
Շատերը գումար էին ուզում նաև Գ. Ծառուկյանի հետ Գյումրի այցելած ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանից:
«Հա, հա, Լիզա, դու բդի ստեղ էղնիս անպայման: Առավոտ 12-ից արեք, կնայենք: 20 անգամ սի հա: Էգուց արեք, էրեխեք»,- դիմելով եկեղեցու մոտ հավաքվածներին՝ ասաց Վ. Ղուկասյանը:
Գ. Ծառուկյանի այցի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ: Ըստ երևույթին, նրա թիկնապահներից մեկն էր, որ հարվածեց երիտասարդներից մեկին՝ ասելով՝ «բոշի լակոտ»:
«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու մոտ հավաքվածների մեծ մասը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սոցիալական պայմաններից դրդված են եկել փող ուզելու: Ասում էին, որ, եթե աշխատատեղ լիներ, հաստատ չէին գա փող ուզելու: Հավաքվածները պահանջում էին Գագիկ Ծառուկյանից՝ գործարան բացել Գյումրիում, որպեսզի աշխատատեղեր լինեն:
«Ես Շիրակացի թաղամաս կապրիմ: Խայտառակ վիճակ է: Կռիշ չունիմ, գազ չունիմ, լույս չունիմ, կոյուղի չունիմ: Անձրևն օր գուկա, սաղ կթափի երրորդ հարկը: Սարսափելի վիճակ է: Նպաստառու չեմ, շաքարային դիաբետով եմ տառապում: Պատերին կնայես՝ կվախենաս»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Հերիքնազը:
«Լենինականի պայմաններում հեչ հնարավորություն չունենք ապրելու: Բանվոր դասակարգն ի՞նչ կարող է անել: Ուր կերտամ, կըսեն՝ տարիքդ չի համապատասխանե: Բայց 57 տարեկանն ապրել, ուտել չի՞ ուզե: Դեմը Նոր տարի է, հլը հեչ բան չեմ առե: 10000 դրամ կուտան, էդ ինչ, կծախսվի-կերտա, թող աշխատատեղ էղնի: Մուրացկան ենք դարձել: Սովետի ժամանակ 70-80 տարեկանները կաշխատեին: Հմի էնքան բան կա խոսալու, չես ուզե խոսալ, բայց որ ներվերդ կելնի, կխոսաս»,- նշեց մեկ ուրիշը:
«Խեղճուկրակ ժողովուրդը քանիմ կոպեկ փող ունի: Սաղ ստանոկները ծախին, կերան: Կռիսները տանս մեջ կվխտան: Ահավոր է: Գեղերի վերաբնակիչներին տուն կուտան, իսկ մեզ՝ ոչ»,- ասաց հավաքվածներից մեկը:
Այնուհետև Գ. Ծառուկյանը մուտք գործեց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի: Եկեղեցու դռան մոտ հավաքված ամբոխը սպասում էր, որպեսզի նա դուրս գա, որ նամակներ հանձնեն «Ծառուկյան դաշինքի» առաջնորդին:
Մանրամասները՝ քիչ անց:
Անահիտ Սիմոնյան