Վաշինգտոնն առաջարկում է Աբու-Դիս քաղաքը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք. ՀԱՄԱՍ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Աբու-Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու առաջարկությամբ, որն ընդհանուր սահման ունի Երուսաղեմի հետ: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, դեկտեմբերի 26-ին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։
«Վաշինգտոնը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է Աբու-Դիս քաղաքը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք»,-Հանիայի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը նաեւ հավելել է, որ «Վաշինգտոնի նախաձեռնությունը առաջարկություն է ներառում քաղաքական բարեփոխումների անցկացման ճանապահով Գազայի հատվածում իրադրության կարգավորման վերաբերյալ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ եկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը, եւ կարգադրել է սկսել նախապատրաստվել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելուն:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ՝ ի պատասխան Թրամփի որոշման: Փաստաթղթին դեմ է արտահայտվել ինը երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ը եւ Տոգոն, եւս 35 երկրներ քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: