Երգիչ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ տեսուչների գործն ուղարկվեց Կենտրոնի դատարան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչների գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Սույն գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը եւ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել է կաշառք:

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել է կաշառք:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի (երգիչ Սեբուի հոր,-հեղ.) կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ոստիկաններն ընդունել են ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս