Ֆիլիպիններում ավելի քան 30 մարդ է զոհվել փոթորկի պատճառով
Ֆիլիպիններում առնվազն 34 մարդ «Քայ-Թաք» արեւադարձային փոթորկի զոհ է դարձել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Տեղական իշխանությունները հայտնել են Բիլիրանի նահանգում 26 զոհվածների եւ 23 անհայտ կորածների մասին: Նրանց մի մասը կարող է մնացած լինել սելավահոսքերի տակ: Եվս յոթ հոգի զոհվել է չորս կենտրոնական տարածաշրջաններում:
Փոթորիկը Ֆիլիպիններ է եկել դեկտեմբերի 16-ին: Տարերային աղետի պատճառով կազմակերպվել է 89 հազար մարդու տարահանում: Շատ զբոսաշրջիկներ, որոնք ժամանել էին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հարկադրված են մնալու երկրի անվտանգ շրջաններում կամ էլ սպասելու տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ավարտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: